Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի, որտեղ Հայաստանը մենք բոլորս ենք. Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ելույթը՝ «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովին:

Հարգելի նախարարներ,

Հարգարժան դեսպաններ,

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական մարմինների, ԶԼՄ-ների հարգարժան ներկայացուցիչներ

Ողջունում եմ ձեզ այսօր` մայիսի 13-ին, Կառավարություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն առաջին համաժողովի շրջանակներում ներկա գտնվող բոլոր մասնակիցներիդ:

Բոլորիս հայտնի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է և տեսանելի, եթե այն իրականացվում է հասարակության և կառավարության միասնական ջանքերով, սա նշանակում է, որ հասարակությունը այլևս չի ցանկանում հանդուրժել այս արատավոր երևույթը մեր երկրում և ձեռք է մեկնում երկրի իշխաննություններին ու կառավարությանը, որպեսզի նրանք դրսևորեն իրական քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում հասարակությանը տեսանելի իրական արդյունքներ նվաճելու համար:

Հարգելի ներկաներ

Որևէ հասարակություն չի ցանկանում պատերազմ, սակայն մեզ պարտադրված ապրիլյան պատերազմը, որը ցավոք պատճառեց տասնյակ զոհեր, արցունքներ մեր մայրերի և քույրերի աչքերին, սակայն երկու կարևորագույն արդյունքներ արձանագրեց.

 առաջինը մեր նորօրյա հերոսների, մեր քաջ զինվորների և կամավորների հերոսական սխրագործություններն են, որոնք դեռևս երկար տարիներ լուրջ լուսաբանման և երիտասարդ սերնդին հայրենասիրական դաստիարակության անսպառ պաշարն են հանդիսանալու,

 երկրորդ, մեր հասարակությանը տեսանելի դարձավ կոռուպցիայի վնասակար հետևանքները մեր երկրում, սկսած մի շարք «վայ» գեներալների ու բարձաստիճան պետական պաշտոնատար անձանց ահռելի չափերի ունեցվածքների, այդ թվում շքեղ դղյակների, վերաբերյալ հրապարկումներից, մինչև մեր քաջարի հերոս սպաների, զինվորների տարրական անվտանգության հարցերի և նրանց շատ համեստ կենսապայմանների, այդ թվում հողապատ հատակով և առանց տանիքի նրանց կացարանների վերաբերյալ հրապարակումները:

Մեր հասարակությունը ակնթարթորեն արթնացավ խոր թմբիրից, գիտակցեց կոռուպցիայի վտանգավորությունը, դրա նկատմամբ անհանդուրժողականությունն ու պայքարի անհրաժեշտությունը: Մեր հասարակությունը հասկացավ, որ սա ոչ թե հասարակության պայքարն է ընդդեմ ամբողջ իշխանական համակարգի, այլ սպիտակաների պայքարն է ընդդեմ սևերի, որտեղ սպիտակների շարքերում են նաև շատ պարկեշտ, բարեխիղճ և պրոֆեսոնալ պաշտոնյաներ, համայնքային ծառայողներ, արդադատության համակարգի ներկայացուցիչներ, որոնցից մի մասը այսօր մեզ հետ է այս դահլիճում (բոլորիս հայտնի է որ կուռուպցիայի դեմ պայքարողները ասոցացվում են սպիտակ, իսկ կոռուպցիոներները` սև գույնի հետ): Արդեն հստակ է, որ այս ազդաշնանները հասարակությունը կարողացել է հաղորդել երկրի իշխանություններին:

Հարգելի մասնակիցներ

Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բարձրաձայնելու կոռուպցիոն այն հիմնախնդիրները, որոնք առկա են մեր երկրում, առաջարկել կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից միասնական ջանքերով դրանց հաղթահարման վերաբերյալ լուծումներ: Ես որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության և արդյունավետության տեսանկյունից, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցերի վրա.

  1. Մեր երկրում համար մեկ խնդիրը անպատժելիության վերացումն է. Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի իրականացնենք 2015թ.-ին Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած հակակոռուպցիոն միջազգային համաժողովի վերը նշված գլխավոր պահանջը: Այս համատեքստում օրվա հրամայական եմ համարում մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումը, որը թույլ կտա ապօրինի կերպով հարստացած ներկա և նախկին պաշտոնյաններին ոչ թե ապօրինի մեթոդներով կուլակաթափ անել (որի մասին ներկայումս ակտիվ քննարկումներ է ծավալում լայն հասարակությունը), այլ օրինական միջոցներով և միայն դատարանի որոշումներով պետությանը ոչ միայն վերադարձնել այդ պաշտոնյանների կողմից կուտակած ապօրինի հարստությունները, այլ նաև նրանց ենթարկել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Շատ կարևոր է, որ այս հարցում քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունները` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջնորդությամբ, և ՀՀ կառավարությունը` հանձինս արդարադատության նախարարության, բավականին առաջ են գնացել` կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից ստեղծված հակակոռուպցիոն հարթակի շրջանակներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբի աշխատանքներում, որի համար շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին:
  2. Հանրության շրջանում արդարադատության համակարգի, այդ թվում արդարադատության իրականացմանը օժանդակող իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ բարձր վստահության վերականգնումն է` վերը նշված համակարգերում իրական, խորը և անշրջելի հակակոռուպցիոն և մասնագիտական բարեփոխումների իրականացնելու միջոցով` այդ հարցերում ակտիվորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ:
  3. Օրենքի հիման վրա կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծումն է` կանխարգելիչ և իրավապահ մարմնին հատուկ գործառույթներով, իսկ որպես առաջին քայլ կարելի է դիտարկել նաև հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծումը, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել հատուկ այդ նպատակով վերափոխվելիք Հատուկ քննչական ծառայությանը: Այս հարցում նույնպես հակակոռուպցիոն հարթակի շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբը նույնպես բավականին աշխատանքներ է կատարել:
  4. Տեղեկատվություն տրամադրող անձանց պաշտպանության և խրախուսման մասին օրենքի հիման վրա այս ինստիտուտի ներդնում է, ինստիտուտ, որը հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ: Այս ինստիտուտի արդյունավետու2յան մասին է խոսում վերջերս պանամական փասթաթղթերի բացահայտումները (տեղեկատվություն հայտնող` Ջոն Դոան), շվեցարական բանկերում, մասնավորապես UBS բանկում բազմամիլիարդանոց հարկերի թաքցման գործերով բացահայտումները (տեղեկատվություն հայտնող` Բրեդլի Բիրկընֆելդ):
  5. Պետական գնումների, պետական պահուստների և բարձաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի բախումների, ծախսերի հայտարարագրերի առավելագույն թափանցիկության և հաշտվետվողականության ապահհովումը, օֆշորում գրանցված, ինչպես նաև պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված բիզնես ընկերությունների մասնակցության արգելումը պետական գնումների գործընթացին:
  6. Հզոր հակակոռուպցիոն` «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի», հանրային շարժման ձևավորում, որը առանցքային դեր կունենա կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ ուժեղ հանրային վերահսկողության համակարգի ձևավորմանը, հանրության հակակոռուպցիոն կրթության իրականացմանը և կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնմանը: Այս հարցում առանցքային դեր պետք է ստանձնի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան` զարգացնելով իր կազմակերպական կարողությունները, որի սկիզբը կդնենք այսօր, այս դահլիճում, օրվա երկրորդ կեսին: Պետք է նշել, որ կոալիցիային արդեն մաս են կազմել մի շարք հեղինակավոր բիզնես ասոցիացիաներ, Հայաստանի համայնքների միությունը, այլ մասնագիտացված և հանրության շրջանում հեղինակություն ունեցող կազմակերպություններ ու անձինք: Այս գործընթացը կշարունակվի ապագայում ևս:

Չչարաշահելով ձեր ժամանակը` շնորհակալություն եմ հայտնում ձեր ուշադրության համար, մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի, որտեղ Հայաստանը մենք բոլորս ենք:

Շնորհակալություն:

Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել