Ժամկետային զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան դեպքի առթիվ։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ  գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:

Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել