Իրազեկում ՀԴՄ օգտագործողներին

Պատասխանատու անձը պարտավոր է`

1) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել գումարը, որոշել ընդհանուր գումարն ու տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն.

2) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել կտրոն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող կտրոն.

3) ծառայությունների մատուցման դեպքում կտրոնը տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին:

Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող կտրոնը պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված կտրոնի կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում կտրոնը կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի կտրոնի դարձերեսի հատուկ համարը (համարները):

Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`

1) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման կտրոնի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.

2) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման կտրոնի հիման վրա, կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ.

3) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի կտրոն, որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գները, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը: Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը. տվյալ դեպքում վերադարձի կտրոն չի տպվում.

4) եթե հետ է ընդունվում գնման կտրոնով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի կտրոնը տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման կտրոնի պատճենը: Գնման կտրոնի բնօրինակի և պատճենի վրա՝ հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.

5) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման կտրոնի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված կտրոնի հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 6 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի կտրոն: Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը. տվյալ դեպքում վերադարձի կտրոն չի տպվում.

6) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի կտրոններն ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի ժամկետով.

7) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք.

8) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության՝ իրացումից ստացված հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`

ա. բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը,

բ. վերը նշված 7-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,

գ. չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել