Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամները ներկայացրին իրենց անելիքները:
Ըստ համակարգող խմբի անդամների՝ նրանց պահանջը չի իրականացել և Կառավարությունը հերթական անգամ ակնհայտորեն ստել է՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ:
«Սերժ Սարգսյանի ասածն օդի մեջ արված հայտարարություն է, ինչն առավել քան ակնհայտ դարձավ: Հասարակությունը շատ լավ գիտի, թե ովքեր են խաբեբաները, ինչ են անում», – ասաց համակարգողներից Ռիմա Սարգսյանը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ իրենց պահանջը մեկն է` էլեկտրաէներգիայի բարձրացումը չեղարկել:
«Հավաքը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում, իսկ հետագա ուղղությունը դեռ պարզ չէ և պահի թելադրանքով էլ կշարժվենք»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Նա նաև փոխանցեց, որ մինչև ամսի 11-ի հավաքը կլինի իրազեկման ավտոերթ Բրազիլիայի հրապարակից, այն տեղի կունենա ժամը 17:00-ին:
Մաքսիմ Սարգսյանը կոչ արեց բոլորին միանալ՝ հավելելով, որ ամեն մարդ պետք է գիտակցի՝ դուրս է գալիս իր իրավունքները պաշտպանելու համար. «Սա պայքարի երկրորդ փուլն է, և կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերը, որը թույլատրելի է օրենքով»:
Համակարգող խմբի անդամը նաև խոսեց սեպտեմբերի 1-ին տեղի ունեցածի մասին, ասելով, որ դա հուլիսի 23-ի դեպքերի շարունակությունն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սիրահարների այգում եղել էր նախաձեռնության հանրային քննարկումը, որը հետագայում տեղափոխվել է Բաղրամյանի պողոտա, ցուցարարները փորձել են փակել խաչմերուկը, սակայն ոստիկանական ուժերը նրանց հեռացրել են երթևեկելի հատվածից:
Ազնիվ Սիրադեղյան