ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

Սեպտեմբերի 8-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա ներկայացրել է փաթեթի հիմնական դրույթները, հասկացությունները, ինչպես նաեւ՝ կառավարության լիազոր մարմնի իրավասությունները դեղերի շրջանառության բնագավառում:

Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ օրենքով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ որպես նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության ոլորտում արդարության ապահովությունը, նաեւ առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը:

Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ օրենսդրորեն կարգավորվում են դեղերի շրջանառության բոլոր փուլերը, դեղի ստեղծումից մինչեւ գովազդի եւ իրացման փուլերը՝ պահպանելով այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:

ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ` սահմանվում են նաեւ դեղերի գրանցման համար նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները, արգելքները եւ կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, մերժման, դադարեցման ընթացակարգերը, սահմանվում են դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները:

Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենքով սահմանվում են դեղերի ներմուծմանը եւ արտահանմանը, ներմուծման եւ արտահանման հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները, ներմուծելու ընդհանուր կանոնները, կարգավորվում են դեղատնային գոծունեությանը ներկայացված պահանջները, նաեւ սահմանվում դեղերի գրանցումները՝ դեղերի ոլորտում գործող միջազգային կառույցների, այլ պետություններում փոխադարձ ճանաչելու հնարավորությունը:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրորեն արգելվում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ ՁԻԱՀ-ին առնչվող իրավական ակտերը միջազգային ընդունված սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ անձանց հանդեպ խտրականությունը բացառող, նրանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն ունենալու անհրաժեշտությամբ:

Նախագծով սահմանվում են նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացել են 35 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է:

Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն: Դրանք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Փոփոխությամբ լրացուցիչ աչտոնություններ են սահմանվում զինծառայողների կոնկրետ խմբի համար, ինչը, ըստ հեղինակների, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել