Արդյոք օբյեկտիվորե՞ն են ախտորոշվել գործող կիսանախագահական համակարգի խոցերն ու խութերը. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է Սահմանադրական բարեփոխումներին: Նա գրում է. «ԱՄՆ Յեյլի համալսարանի քաղաքական և հասարակական գիտությունների պրոֆեսոր Խուան Լինցի համոզմամբ անցումը ժողովրդավարությանը համարվում է ավարտված, երբ ընտրված կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քաղաքական ընթացակարգերի շուրջ ձեռք է բերվել բավարար համաձայնություն, երբ որևէ կառավարություն իշխանության է գալիս որպես ազատ և համաժողովրդական քվեարկության անմիջական արդյունք, երբ այդ կառավարությունը դե ֆակտո օժտված է նոր քաղաքականություն մշակելու լիազորությամբ, և երբ նոր ժողովրդավարությունից ծնունդ առած գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններն ստիպված չեն իշխանությունը դե յուրե կիսել այլ կառույցների հետե։

Հեղինակը բավականին խորությամբ ուսումնասիրել է տարբեր պետությունների կառավարման համակարգերը և փորձել հասկանալ դրանց առանձնահատկությունները:

Նա գտնում է, որ կայուն ժողովրդավարական երկրների մեծ մասը պառլամենտական են, բացառությամբ ԱՄՆ-ի և մի քանի կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող երկրների, այն դեպքում, երբ նախագահական երկրների գերակշռող մասը փխրուն դեմոկրատական կամ ավտորիտար ռեժիմներ են:

Լինցի կարծիքով, Պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներում միակ դեմոկրատական լեգիտիմություն ունեցող մարմինը խորհրդարանն է, և կառավարության իշխանությունը բխում է նրա վստահությունից այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը պատրաստ է աջակցել այդ կառավարությանը:

Իսկ Նախագահական կառավարման համակարգը հիմնված է հակառակ սկզբունքի վրա: Գործադիրն ընտրվում է ժողովրդի կողմից (ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով) նախօրոք սահմանված ժամկետով և կախված չէ պառլամենտի վստահությունից:

Նախագահը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, միաժամանակ պետության գլուխն է և չի կարող պաշտոնանկ արվել, բացի իմպիչմենտի հազվադեպ դեպքից:

Հեղինակի համոզմամբ, Նախագահական կառավարման համակարգի պրոբլեմների մեծ մասը բխում է նրա բնութագրական երկու հատկանիշներից՝ կրկնակի դեմոկրատական լեգիտիմացիայից և ֆիքսված պաշտոնավարման ժամկետներով պայմանավորված կարծրությունից:

Այժմ, երբ Հայաստանը կանգնած է նոր սահմանադրության ընդունման շեմին, որով, ըստ էության, փոխվելու է պետության կառավարման համակարգը, և անցում է կատարվելու կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի, հարց է առաջանում, թե արդյո՞ք երկրի քաղաքական իսթեբլիշմենտի կողմից կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քաղաքական ընթացակարգերի շուրջ ձեռք է բերվել բավարար համաձայնություն, քաղաքական համակարգի կողմից արդյո՞ք օբյեկտիվորեն են ախտորոշվել գործող կիսանախագահական համակարգի խոցերն ու խութերը և նոր միայն հանգել այն համոզմանը, որ դրանց չեզոքացման միակ միջոցը բացառապես կառավարման մեկ այլ համակարգի անցումն է, և վերջապես, արդյո՞ք, ստեղծված է այն միջավայրը, որը թույլ կտա Հայաստանին ընտրելու իր նոր իշխանությանը իրապես ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Կապրենք` կտեսնենք…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել