Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և նույն հիմնարկի 12 աշխատակիցների գործն արդեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:
Վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ Գեղամ Գրիգորյանի, Անգին Ղուկասյանի, Միսակ Մարտիրոսյանի և մյուսների պաշտպանները՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատավճիռը, նշանակել փորձաշրջան և այլն:
Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 18-ին դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց այս գործով դատավճիռը:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 6 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավվում` ոչ ավելի քան 720 հազար դրամը: Ամբաստանյալի պատժի կրման սկիզբը հաշվարկվեց 2013թ. նոյեմբերի 14-ից: Մեղադրող դատախազ Հակոբ Մելքոնյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 14 տարի ժամկետով:
Վեց տարի ազատազրկման դատապարտվեց նաև դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, բացի այդ նրա նկատմամբ կիրառվեց տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով: Տվյալ դեպքում դատախազը միջնորդել էր 9 տարի ազատազրկում:
Արմեն Մովսիսյանի հիմնարկի ղեկավարի մյուս տեղակալի նկատմամբ նշանակվեց պատիժ 3 տարի ժամկետով, սակայն նա 2013թ. համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից: