Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Բերլանդն ընդդեմ Ֆրանսիա (Berland v. France, applicant no.42875/10) գործով 2015 թվականի սեպտեմբերի 3–ին կայացրած վճռով արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ «անձի նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցները բացառում են քրեական պատասխանատվությունը չեն հանդիսանում պատիժ Կոնվենցիայի իմաստով»։
Այդ գործով Եվրոպական դատարան էր դիմել Դանիել Բերլանդը` ծնված 1987 թվականին։
2007 թվականի սեպտեմբերի 14–ին Բերլանդին մեղադրանք էր առաջադրվել իր նախկին ընկերուհու սպանության և երկու այլ անձանց նկատմամբ հարձակում կատարելու համար։ Այնուհետև նա վերցվել էր կալանքի տակ։
Երկու օր առաջ նա մի քանի անգամ հարվածել էր նախկին ընկերուհուն և սպանել նրան իր աշխատավայրում այն բանից հետո, երբ վերջինս հայտնել էր, որ չի ցանկանում այլևս տեսնել նրան։
2008 թվականի նոյեմբերին հանրային մեղադրողը դիմել էր դատարան, որպեսզի կայացվեր որոշում նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասին` ելնելով նրա անմեղսունակ լինելու և հոգեկան հիվանդությամբ տառապելու հանգամանքից 2008 թվականի փետրվարի 25–ին ընդունված օրենքով սահմանված կարգով։ Այդ օրենքը նախատեսում էր նոր ընթացակարգ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ։Բանն այն էր, որ նախկինում (մինչև օրենքի ընդունումը) դատարանը այսպիսի հանգամանքների առկայության պարագայում կդադարեցներ քրեական հետապնդումը, կկարճեր քրեական գործը կամ կկայացներ արդարացման դատական ակտ, և սկսած քրեական պատասխանատվությունից ազատվելու պահից նրանց հետ պետք է վերաբերվեին նույն կերպ, ինչ այն անձանց, ովքեր ազատվել էին քրեական պատասխանատվությունից ապացույցների բացակայության կամ դրանց ոչ բավարար առկայության հիմնավորմամբ։
Այնուամենայնիվ, 2008 թվականի փետրվարի 25–ի նոր օրենքի ընդունումից հետո, այդպիսի անձինք պետք է ներկայացվեին դատարան , որը կորոշեր, թե արդյոք կատարվել է նրան վերագրվող արարքը, և հայնաբերելով քրեական պատասխանատվությունը բացառող հիմք (այս գործի շրջանակներում անմեղսունակ լինելը), դատարանը նրա նկատմամբ նշանակում էր հարկադիր հոսպիտալացում և/կամ անվտանգության միջոցներ, որոնք որ նշանակվել էին Բերլանդի նկատմամբ (նրա նկատմամբ կրառված անվտանգության միջոցը ներառում էր նաև 20 տարով զենք կրելու իրավունքից զրկումը)։
Բերլանդը դիմելով Եվրոպական դատարան` բողոքում էր իր նկատմամբ կիրառված «պատիժից», որոնք իր հոգեկան հիվանդության առկայության պայմաններում չէին նշանակվի 2008 թվականից առաջ գործող օրենսդրության համաձայն։
Եվրոպական դատարանը գտավ, որ նրա նկատմամբ կիրառված անվտանգության միջոցները հանդիսանում են պրևենտիվ (կանխարգելիչ), այլ ոչ թե պատժող միջոց, և այդ պատճառով այս պարագայում բացակայում է հետադարձ ուժի արգելքը Կոնվենցիայի 7–րդ հոդվածով ամրագրված։