Օմբունդսմենի դիտարկումները Սահմանադրության նախագծի` դատական իշխանության բաժնի վերաբերյալ

Օմբունդսմենը անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխին և կատարել է մի շարք դիտարկումներ

Դրական փոփխություններ

• Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած անդամ չի կարող վերընտրվել (Նախագծի հոդված 172) ինչը կնպաստի Խորհրդի կազմը պարբերաբար նորացնելուն և դրա անդամների անաչառությունը ապահովելուն:

• Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի և կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցով ևս հնարավոր կլինի դիմել Սահմանադրական դատարան (Նախագծի հոդված 167):

• Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166): Նման սահմանդրական երաշխիքը կապահովի դատարանի անկախությունը:

• Նախագծով արգելվում է որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը (Նախագծի հոդված 161) ինչը որոշակի երաշխիք է դատարանների անկախության համար:

• Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն կունենա նաև ՀՀ Նախագահը ով քսանմեկօրյա ժամկետում կկարողանա դիմել Սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով (Նախագծի հոդված 168):

Մտահոգիչ փոփոխություններ

• Նախագծով առաջարկվում է որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի տասը անդամներից հինգին ընտրի Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից‚ մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից (Նախագծի 173-րդ հոդված): Խորհրդի կազմում լայն ներկայացուցչականությունը և թափանցիկությունը ապահովվելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի կազմում ցանկալի է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին‚ ինչպես նաև նախատեսել հստակ և գործուն մեխանիզմ խորհրդի անդամների ընտրությանը նրանց մասնակցության համար:

• Նախագծի համաձայն` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո (Նախագծի 164-րդ հոդված): Սակայն‚ «այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո» ձևակերպումից պարզ չէ‚ թե այն վերաբերում է‚ օրինակ‚ մեկ օրվան‚ մեկ ամսվան‚ թե մի քանի տարվան:

• Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով‚ ընդ որում‚ դատավորներից երեքին՝ Նախագահի առաջարկությամբ‚ երեքին` կառավարության առաջարկությամբ և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Սակայն‚ ցանկալի է ապահովել‚ որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:

• Նախագծով Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ որոշման հրապարակման պահից ավելի ուշ ժամկետ (Նախագծի հոդված 169): Նշված ձևակերպումից պարզ չէ քաղաքացիների դիմումների դեպքում Դատարանի նման որոշումների ազդեցությունը դիմողի գործի ելքի վրա:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել