Արդյո՞ք ցուցադրվող կոնյակի գովազդն օրենքի խախտում չէ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15–րդ հոդվածի համաձայն սահմանվում է.

«Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց»:

Եթե ծխախոտը որպես կանոն չի գովազդվում, ապա ալկոհոլային խմիչքի գովազդների ցուցադրման ընթացքում բավականին հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է խոսվում ալկոհոլային տվյալ խմիչքի հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկությունների մասին, կամ թե համապատասխան խմիչքը հանդիսանում է յուրաքանչյուրի հաջողության գրավականը, կամ էլ երբ այն տեսանկարահանվում է բավականին երիտասարդ տարիքի անձանց մասնակցությամբ (որը հիմք է տալիս կասկածելու վերոնշյալ ե) կետի պահպանման կապակցությամբ)։

Նույն հոդվածի համաձայն սահմանվում է նաև, որ արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:

Մինչդեռ մենք շատ դեպքերում ականատես ենք լինում, թե ինչպես են օրինակ ալկոհոլի գովազդի ընթացքում ցույց տրվում ալկոհոլային խմիչքները բաժակի մեջ լցնելու և համտեսելու ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել