Գևորգ Դանիելյանը` մահապատժի մասին

Վերջին շրջանում դաժան սպանությունները դարձյալ արթնացրին մահապատժի անհրաժեշտության առնչությամբ մարած բանավեճերը, կենսական դարձան մահապատժին վերադառնալու մասին խոսակցությունները: Իր ֆեյսբուքյան էջում գրում է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: Նա հավելում է.

«Ցավալին այն է, որ որպես պատճառաբանություն է մատնանշվում մեր ցածր քաղաքակրթությունն ու մշակույթը: Լինելով մահապատժի երդվյալ հակառակորդներից, փորձեմ հակիրճ անդրադառնալ մի քանի փաստարկների.

ա) դատական սխալների մեծ հավանականությունը,

բ) յուրահատուկ նախադեպի ձևավորումը, որի պարագայում պետականորեն մարդուն կյանքից զրկելն ընկալվում է թույլատրելի երևույթ. մահապատժի գործողության մեջ եղած տարիներին դատախազի կարգավիճակով բազմիցս հարցաքննել եմ մարդասպանների, որոնք անխտիր պնդում էին, որ սպանել այնպիսի մարդկանց, որոնք արժանի էին գնդակահարության, թերևս, ակնարկում էին, որ պետության փոխարեն են գործել,

գ) հանցավորության նվազմանը նպաստում է ոչ թե պատժի խստությունը, այլ համաչափությունն ու անխուսափելիությունը. ԽՍՀՄ-ի օրոք բռնաբարության համար հինգ անգամ սահմանվել է մահապատիժ, ինչը մշտապես հանգեցրել է հանցավորության աճի, որպես կանոն, բռնաբարությունից հետո սպանում էին տուժողին ու հնարավոր վկաներին, իսկ մահապատիժը վերականգնելը դարձել էր հերթական գենսեկների պոպուլիստական քայլը,

դ) հանցագործի նկատմամբ հանրության կողմից անհարկի ձևավորվում է անհամարժեք խղճահարության զգացում. դատապարտվածների իրավունքներն անվերապահորեն պետք է հարգել, սակայն նրանց չպետք է դնել այնպիսի վիճակի, որ հանրությունը նրանց ոճրագործությունը յուրովի մոռանա,

դ) հոգեբանորեն հասարակությունը դեռևս իրեն դասում է հետամնաց, ոչ քաղաքակիրթ հանրության շարքին, չի վստահում իր ներուժին և այլն: Սրանք սոսկ այն սակավաթիվ փաստարկներն են, որոնց անդրադարձա, սակայն գործնականում դրանք առավել մեծաքանակ ու վճռորոշ են: Մահապատիժը զուտ զգացմունքային հարթությամբ վրեժխնդրության դասական դրսևորում է: Չմոռանանք, որ ցմահ ազատազրկումը ևս խիստ պատժատեսակ է…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել