«Պետությունն իջել է անհնազանդ վրեժխնդրության և հաշվեհարդարի մակարդակի». Երվանդ Վարոսյան

Ցավում եմ, որ պետությունն իջել է անհնազանդ վրեժխնդրության և հաշվեհարդարի մակարդակի: Խոսելով Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման ենթարկելու մեղադրող կողմի միջնորդությունից՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա՝ միջնորդվել է առանձնահատուկ պատժաչափ. «Այն հատուկ ուղղված է Հայկ Կյուրեղյանի անձի դեմ, մյուս կողմից էլ հասարակության ակտիվ շերտին սաստելու և վախեցնելու նպատակ է հետապնդում»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաստաբանը զավեշտալի համարեց այն հանգամանքը, որ ողջ դատաքննության ընթացքում ոչ Հայկ Կյուրեղյանն էր մասնակցում նիստերին, ոչ էլ քրեական գործում պաշտպան էր ներգրավված. «Դատավարության ընթացքում բավականաչափ խնդիրներ են առաջացել, որոնք բնականաբար կարող են մեկնաբանվել, որպես Հայկ Կյուրեղյանի իրավունքների ոտնահարում»:

Իսկ այս տեսանկյունից պարոն Վարոսյանը հիշատակեց այն հանգամանքը, որ Հայկ Կյուրեղյանին ոստիկանների կողմից դեպքի օրը ոստիկանության ավտոմեքենայում, ինչպես նաև ավելի ուշ բաժնում ծեծի ենթարկելու փաստի առթիվ ժամանակին քրեական գործ էր հարուցված, որը կարճվեց. «Այդ գործի շրջանակներում ես էի Հայկ Կյուրեղյանի շահերը ներկայացնում՝ որպես տուժողի ներկայացուցիչ և ներպետական բոլոր ատյաններն այս պահի դրությամբ սպառվել են այդ առումով ու մենք պատրաստվում ենք Հայկ Կյուրեղյանի՝ Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը ճանաչելով դիմել Եվրոդատարան»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել