25-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եղբորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝  25-ամյա եղբորն սպանելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննությամբ պարզվել է, որ Վլ.Կարապետյանի գլխի շրջանին կացնով հարվածներ է հասցրել նրա եղբայրը՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի վաղ առավոտյան, որից հետո հեռացել տանից։ Երիտասարդի դին հայտնաբերել է մայրը՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին։ Նույն օրը Կ.Կարապետյանը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կապարետյանին օգոստոսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել