Փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը մանրմասնեց, որ հարուցված քրեական գործը կապված է իր պաշտպանյալներից Ժուլիետա ներգրավվածությամբ գործի հետ:
Այսպիսով, Ժուլիետա Ամարիկյանը եղբոր ընտանիքի հետ ապրել է անհաշտ կյանքով և ցանկացել է առանձնանալ՝ օգտագործելու ծնողներից որպես ժառանգություն ստացած գույքը: Սակայն հարազատների զանգի հիման վրա կնոջը տեղափոխել են հոգեբուժական կլինիկա ու 28 օր շարունակ ենթարկել են հարկադիր բուժման: Ինչպես բազմիցս նշել է Ժուլետա Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակազմն իր պաշտպանյալի նկատմամաբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել: Այս հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, մի քանի անգամ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հենց այս գործի շրջանակներում պատահաբար իմացել է, որ քննիչն իր դեմ նույնպես քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել: Այսպես՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտություն):
«Քրեական գործ է հարուցվել երկու բանի համար. Նախ՝ իբրև թե ես անհիմն, տարբեր պատճառաբանություններով, միտումնավոր երեք անգամ խափանել եմ փորձաքննության կատարումը: Երկրորդ՝ թե իբր հանձնաժողովի նիստի ընթացքում վիրավորել եմ փորձագետներին՝ նրանց սադրիչ հարցեր ուղղելով»,- նշում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով, առաջին անգամ իրենք ներկայացել են փորձաքննությանը, պարզվել է, որ հանձնաժողովի նախագահը նույն փորձագետն է, ում եզրակացության հիման վրա Ամարիկյանը հայտնվել է հոգեբուժարանում: Այդ պատճառով նրանք բացարկի միջնորդություն են ներկայացրել հանձնաժողովի նախագահին: Քննիչը փորձաքննության անցկացումը հետաձգել է, հետագայում միջնորդությունը մերժել է: Քննիչի մերժումը բողոքարկվել է դատախազին, քննիչն արդեն երկրորդ անգամ է հետաձգել փորձաքննության կատարումը: Եվ երրորդ անգամ, ինչպես նշում է Տիգրան Հայրապետյանը, միջնորդություն են ներկայացրել, որպեսզի իրենց ընտրած փորձագետները մասնակցեն փորձաքննությանը. քննիչը միջնորդությունը բավարարել է ու ժամանակ է տվել, որ փորձագետներ գտնեն:
«Մեր երեք օրինական գործողությունները, որոնք որ բավարարվել են նաև դատախազի կողմից, քննիչը դիտել է որպես հանձնաժողովի աշխատանքները խափանելու փորձ»,- նշում է փաստաբանը:
Տ. Հայրապետյանը նաև հավելում է, որ փորձաքննության կատարումը չի համարվում քննչական գործողություն, հետևաբար, անգամ եթե փորձաքննության կատարմանը խոչընդոտում լիներ, չէր դիտվի որպես քննիչի գործողություններին միջամտություն:
Ինչպես արդեն նշեցինք, նշվում է նաև, թե Տիգրան Հայրապետյանը հանձնաժողովի նիստի ընթացքում վիրավորել է փորձագետներին՝ նրանց սադրիչ հարցեր ուղղելով. «Մեզ խաբեությամբ են տեղափոխել փորձաքննության կատարման. կանչել են, թե իբր պետք է առերեսման մասնակցենք, հետո քննիչը ոստիկանների ներկայությամբ տիկին Ամարիկյանին հարկադրաբար տեղափոխել է փորձաքննության կատարման: Ես խնդրել եմ, որպեսզի ինձ սպասեն, որ բերեմ գործի նյութերն ու հիվանդության պատմությունը: 15 րոպե ուշացումով ներս եմ մտել, բայց փորձաքննիչներից մեկն ասաց, որ իրենք արդեն ավարտել են փորձաքննության կատարումը»,- նշում է Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով նա երկու հարց է ուղղել. «Գիտեիք, որ Ամարիկյանը փաստաբան ունի, ինչու՞ չսպասեցիք փաստաբանի մասնակությանը: Եվ երկրորդ՝ ինչպե՞ս եղավ, որ 15 րոպեում այդքան բարդ փորձաքնությունն ավարտվեց»:
Հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քայլեր չի արել ու չի էլ անելու: Նրա խոսքով՝ այս գործողությունները պետք է որակվի ոչ թե քննչական գործողություններին միջամտություն, այլ փաստաբանի գործողությունների կատարման խոչընդոտում:
«Սա ոչ թե մասնավոր դեպք է, այլ ընդհանրական քայլ փաստաբանների դեմ: Ստացվում է, որ դատախազությունը որդեգրել մի դիրքորոշում, համաձայն որի, եթե փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս չի թույլատրում, որ քննիչը նախաքննության ընթացքն իր ցանկացած ձևով տանի, դա դիտվում էորպես քննչական գործողություններին խոչընդոտում»,-նշում է Տիգրան Հայրապետյանը:
Այս մասին Իրավաբան.net-ը զրուցեց նաև Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ: Վերջինիս խոսքով՝Փաստաբանների պալատը մշտապես կանգնած է յուրաքանչյուր փաստաբանի կողքին՝ այդ թվում Տիգրան Հայրապետյանի. «Քննիչի որոշումը զավեշտալի է հնչում. ո՞վ կարող է ասել, թե որն է սադրիչ հարցը: Մենք պայքարելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»,-ասաց Հայկ Հակոբյանը:
Զառա Մանուչարյան