22-ամյա Գեղամ Ավետիսյանը ամբաստանյալի աթոռին է եղել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ այն բանի համար, որ նա 2014 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 22.00-ին երաժշտություն լսելու նպատակով խնդրել է մորաքրոջ Օպել Աստրա մակնիշի մեքենան: Որոշ ժամանակ անց, չունենալով վարորդական իրավունքի վկայական , նշված ավտոմեքենայով ընկերոջ հետ սկսել է շրջել Չարենցավան քաղաքում: Արդեն ժամը 23.15-ի սահմաններում Գ,Ավետիսյանը ավտոմեքենայով ընթացել է Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցով դեպի Չարենցավանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ուղղությամբ:
Հասնելով Երիտասարդության -Տերվիշյան փողոցները հատող խաչմերուկին՝ ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար թույլատրելի առավելագույնը գերազանցող 103.5 կմ/ժ արագությամբ, իրականացրել ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկության:
Նկատելով ճանապարհի աջ կողմում կանգնած Միտսուբիշի էյրտեկ մակնիշի ավտոմեքենան և ունենալով անվտանգ շրջանացելու հնարավորություն՝ Գ.Ավետիսյանը դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, տեխնիկապես ստեղծել վթարային իրադրություն, որի հետևանքով ավտոմեքենայի դիմացի հատվածով վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ կողմից դեպի Միտսուբիշի էյրտեկ մակնիշի ավտոմեքենան գնացող հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ Ա. Նաջարյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Այուհետև Գ. Ավետիսյանի ավտոմեքենան առջևի աջ մասով բախվել է հանդիպակաց ուղեմասով ընթացող, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի Նիսսան Իքս-Տրայլ մակնիշի ավտոմեքնայի հետևի աջ անվադողին: Սրա հետևանքով նշված ավտոմեքենան շրջվել է տանիքի վրա և կանգ առել, իսկ Օպել Աստրա ավտոմեքենան, շարունակելով երթևեկությունը և անցնելով որոշ տարածություն, կանգ է առել հանդիպակաց ուղեմասում:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից՝ ամուրի, նախկինում չդատված ու վատառողջ երիտասարդի գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վ. Ստեփանյանի նախագահությամբ: Գեղամ Ավետիսյանի համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Դատարանը վճռել է 22-ամյա Գ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Գեղամ Ավետիսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ, քաղաքացիական հայցվորի բռնագանձել 1.500.000ՀՀ դրամ` որպես տուժող Ա. Նաջարյանի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի փոխհատուցում:
Հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 285.600 ՀՀ դրամ` որպես քրեական գործով վարույթի ընթացքում կատարված փորձաքննության անհրաժեշտ ծախսերի փոխհատուցում:
Նշենք, որ վճիռը բողոքարկվել է Քրեական վերաքննիչ դատարան՝ Գեղամ Ավետիսյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակելու , ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու պահանջով:
Զառա Մանուչարյան