27-ամյա երիտասարդը, հիշելով նախկին պարտությունները, բուքմեյքերական ընկերությանը պատճառել է 300 հազար դրամի վնաս

27-ամյա Ռոման Խաչատրյանը ամբաստանյալի աթոռին է եղել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. գործը քննել է դատավոր Մ. Մելքոնյանը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռոման Խաչատրյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և հիշելով, որ «Վիվառո» բուքմեյքերական կետերում նախկինում խոշոր գումարներ է պատվել, մուտք է գործել Շինարարերի 16/2 հասցեում «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մասնաճյուղ: Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ ամբաստանյալը մասնաճյուղի հաճախորդների և աշխատակցի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, տվել է հայհոյանքներ: Այնուհետև ձեռքերով հարվածել և կոտրել է ընկերության պատին ամրացված երեք պլազմային հեռուստացույցների էկրաններ, գրասենյակի դռան ապակին. Դրա հետևանքով ընկերությանը պատճառել է զգալի չափի` 301200 ՀՀ դրամի գույքային վնաս :

Որպես խափանման միջոց Ռոման Խաչատրյանի համար ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը: Դատարանը, գործի քննության մեջ հաշվի առնելով այն, որ ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել և վերականգնել է տուժողին պատճառված վնասը, վճռել է Ռոման Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել կալանքի 1 ամիս ժամկետով:

Նշենք, որ որոշումը բողոքարկվել է քերական վերաքննիչ դատարան՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և Ռոման Խաչատրյանի նկատմամբ փորձաշրջան սահմանելու բողոքով:
Գործի քննությունը շարունակվում է դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել