Զորակոչիկի հայրը դիմել է Օմբուդսմենին և հայտնել‚ որ իր որդին 3 տարի առաջ դեղորայքային և սննդային ալերգիա ախտորոշմամբ ժամանակավորապես ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և 3 տարի ժամկետով տարկետում է ստացել: Ընթացիկ զորակոչի ժամանակ որդին կրկին հետազոտություն է անցել բժշկական հաստատությունում‚ սակայն այնտեղ հետազոտվել է դեղորայքային ալերգիան և չի ստուգվել սննդային ալերգիան‚ ինչի պատճառով էլ որդին պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի պաշտոնական էջից՝ Օմբուդսմենի աշխատակիցները միջնորդել են‚ որպեսզի զորակոչիկը ևս մեկ անգամ ներկայացվի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Միջնորդությունը բավարարվելուց հետո Օմբուդսմենի աշխատակիցները մասնակցել են նաև հանձնաժողովի նիստին և միջնորդել‚ որպեսզի սննդային ալերգիայի առկայությունը պարզելու նպատակով զորակոչիկը ևս մեկ անգամ ենթարկվի բժշկական փորձաքննության: Միջնորդությունը բավարարվելուց հետո զորակոչիկը Օմբուդսմենի աշխատակիցների ներկայությամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության‚ որի արդյունքում պարզվել է‚ որ զորակոչիկի մոտ առկա է նաև սննդային ալերգիա:
Արդյունքում զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: