Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է քննվում Թիվ 17-րդ պոլիկլինիկայից 21.911.000 ՀՀ դրամ գումար հափշտակության գործը:
Արդեն չորրորդ անգամն է, որ դատական նիստը հետաձգվում է`անգամ նիստերի դահլիճ չհասած. նիստի հետաձգման մասին հայտնում են դատական կարգադրիչները: Նախորդ երեք դեպքերում նիստերը հետաձգվել են դատական նիստերի դահլիճ չլինելու, ամբաստանյալների հանրային պաշտպանների հետ կապված խնդիրներ լինելու պատճառով:
Ինչպես տեղեկացանք` այս անգամ դատական նիստի հետաձգումը կապված էր գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանի հետ:
Հիշեցնենք, որ Ամբաստանյալի աթոռին են «Թիվ 17-րդ պոլիկլինիկայի» 2 աշխատակիցներ և հաստատության տնօրենը: 37-ամյա Ասպրամ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ՍՊՓԲ ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ, հափշտակել է 21.911.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն պոլիկլինիկայի հաշվապահ-գանձապահ Սուսաննա Սարիբեկյանի հետ օժանդակել է ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին` յուրացնելու 3.951.900 ՀՀ դրամ , որի հետևանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: