Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում` Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ: Բանախոսների խոսքով օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական են:
Բացելով քննարկումը Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ անդրադարձավ այն ընթացքին` ինչ տեղի է ունեցել անցած տարիներին:Նրա խոսքով` 2014 թվականի ապրիլի 2-ին ՍԴ-ն կայացրել է իր 11/42 որոշումը, որով, ըստ էության, հակասահմանադրական են ճանաչվել մի շարք նորմեր, այդ թվում՝ նաև պարտադիր կուտակային բաղադրիչը, որին հաջորդեց կառավարության կարճ մի գործողություն, որը ընդուվեց որպես ժամանակավոր օրենք. «Այս օրենքով փորձ արվեց որոշակի ձևով պաշտպանել պարտադիր բաղադրիչի ներքո քաղաքացիների իրավունքները, բայց շատ արագ այդ օրենքը ուժը կորցրեց արդեն նոր փաթեթով»: Արծվիկ Մինասյանը նշում է, որ իրենք հենց այս որոշումն են բողոքարկել ՍԴ-ում և դիմումում ներկայացրել են 3 հիմնական ուղղություններ:
Նա նաև նշեց, որ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր են ստացել, որ իրենց գումարները պահվում են, փոխանցվում են «կամուրջ» հաշվին, սակայն տվյալ ամսվա գումարը ամիսներ հետո հասնում է մասնավոր ֆոնդի. «Սրանց մասին վիճարկվող օրենքները ոչինչ չեն ասում և չկա պատասխանատվության որևէ մեխանիզմ, այն դեպքում, երբ ՍԴ-ն իր 11/42 որոշման մեջ ամրագրել էր, որ պատասխանտվությունը պետք է լինի համաչափ և բոլոր ուղղություններով, ոչ միայն անպատասխանատու չինովնիկների ,այլ նաև կենսաթոշակային ֆոնդերի, կառավարիչների և այլ կառավարիչների առումով, որոնք ի վնաս կգործեն քաղաքացու որոշումներին»,- ասաց պատգամավորը:
Սախարովի անվան «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Մերի խաչատրյանը որպես լիազորված անձ մասնակցել է դիմումի կազմանը։ Նա անակնկալի է եկել՝ իմանալով, որ ՍԴ-ն չի անդրադարձել ամենակարևոր և առանցքային հարցին. «Տվյալ օրենքի և դրա ածանցյալ օրենքների նախագծերի արտահերթ կարգով անցկացման, առանց հանրային քննարկման, առանց հանրության մասնակցության, ընթացակարգային խախտումներով ընդուված օրենքի կարգավորման հարցին անդրադարձ չկա: ՍԴ-ն իր որոշման պատճառաբանական մասում նշել է, որ այն չի դիտարկում որպես սահմանադրաիրավական հարց, քանի որ դա օրենսդրական բնագավառի կարգավորման հարց է»: Այնինչ՝ Մ. Խաչատրյանի խոսքով` ՍԴ-ն օրենսդրական բնագավառը կարգավորող մարմիններից մեկն է: Ըստ նրա՝ քաղաքացին հաստատապես չի կարող վստահ լինել, որ կենսաթոշակի անցնելիս գումարը կվերադարձվի։
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ևս հանդես եկան իրենց դիտարկումներով ՍԴ-ի որոշման վերաբերյալ: Նրանցից Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը կարող է շատ վտանգավոր նախադեպ հանդիսանալ, մասնավորապես՝ խոսքն անցկացման ընթացակարգի մասին է . «Ըստ էության ՍԴ-ն իր այս որոշմամբ ասում է, որ այդ ընթացակարգային պահանջները, որոնք կային օրենքում, սահմանադրական բնույթ չունեն և սահմանդրության խնդիր չեն առաջացնում»:
Բանախոսի փոխանցմամբ՝ սա վտանգավոր է այնքանով, որ եթե մենք ունենանք նոր օրենքներ, որոնք չեն անցնի պատշաճ ընթացակարգ, ըստ ՍԴ-ի, կհանդիսանան հստակ օրենքներ և քաղաքացիները ստիպված կլինեն ենթարկվեն այս օրենքներին․«ՍԴ որոշումը մեզ չի գոհացրել. ՍԴ-ն չի իրացրել իրեն վերապահված իրավունքները»,- հայտարարեց «Դեմ եմ»-ի անդամը: Նախաձեռնության մեկ այլ անդամ Մերի Թանդիլյանի խոսքով էլ՝ առանց հանրային ճնշման հնարավոր է ոչինչի չհասնել և անհրաժեշտության դեպքում նրանք կդիմեն միջազգային ատյանների:
Լաուրա Մամյան
Իրավաբան.net