Փոխհատուցման ցածր չափեր և իրավունքների սեղմ շրջանակ. բարոյական վնասի փոխահատուցման ինստիտուտի խնդիրները

Իրավունքների սեղմ շրջանակ և փոխահատուցման ցածր չափեր. թեև նախորդ տարվա նոյեմբերի 1-ին ներդրվել է բարոյական վնասի հատուցման ինստիտուտը, սակայն այն գոհացնող չի համարվում: Ինստիտուտը վերաբերում է միայն չորս տեսակի իրավահարաբերությունների` կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձնական կյանքի անձեռնմխելիություն և անարդարացի դատապարտում: Հիշյալ չորս իրավահարաբերությունների դեպքում էլ ոչ նյութական վնասի դիմաց փոխահատուցման առավելագույն չափը սահմանված է մեկ միլիոն դրամը:

«Վիրավորանքի և զրպարտության համար վնասի չափը մեկ միլիոն և երկու միլիոն է: Իսկ պատկերացրեք կյանքի իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային խշոտանգումներից զերծ մնալու իրավունքը խախտելու համար ևս մեկ միլիոն դրամ է սահմանված»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա այն համոզմունքն ունի, որ վիրավորանքի և զրպարտության չափը սահմանելիս պաշտոնյաները իրենց են զոհ տեսել և որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, փոխահատուցման բավարար չափեր են սահմանել: Իսկ վերոհիշյալ չորս իրավահարաբերությունների դեպքում իրավունքի խախտողն իրենք են: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը սակայն համամիտ չէ, թե հատուցման ցածր չափերը միտումնավոր են սահմանված:

«Ես ինքս համարում եմ, որ չափերի հետ կապված լրացնելու անհրաժեշտություն կա, և հիմա նախագիծ է մշակվում արդարադատության նախարարությունում, աշխատանքները մոտենում են ավարտին, որտեղ չափերը այլ են: Առնվազն միամտություն կլինի ասելը, որ այդ փոքր չափերը բավարար են, քանի որ ՄԻԵԴ-ը կարող է խախտում ճանաչի հենց այն, որ մենք ոչ արդյունավետ չափեր ենք նախատեսել հատուցման: Մի կարևոր նրբություն էլ կա, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունները հստակ նախատեսել են, որ եթե առկա են օրենքով նախատեսված հանգամանքները, որ, օրինակ, եթե ծանր հետևանքներ են առաջ եկել, դատարանը կարող է այդ չափերից դուրս գալ և այլևս սահմանափակում չկա»,- ասաց փոխնախարարը:

Արտակ Զեյնալյանը  գործող ինստիտուտի մյուս կարևորագույն խնդիրը համարում է ընտրված իրավունքների սեղմ շրջանակը. այս հարցում նույնպես ժլատ մոտեցում է ցուցաբերվել` ինչու՞ են ընտրվել միայն հիշյալ չորս իրավունքները, եթե Սահմանադրությունն ավելի լայն իրավունքների շրջանակ է սահմանում.

«Համաձայն չեմ այն դիտարկմանը, թե  հատուկ այդպիսի ժլատ մոտեցում եղավ: Ի՞նչն էր  պատճառը , որ իրավունքների այդ ծավալը ներդրվեց: ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է վճիռներ, որոնց կատարողական վարույթների շրջանակներում քայլեր ձեռնարկելու խնդիր ունեինք: Եվ քանի դեռ այս ինստիտուտն ի սկզբանե չէր եղել, որոշակի ապրոբացիոն փուլ էր պետք»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նշենք նաև, որ թեև Եվրադատարանն ընդունել էր վճիռներ այս ինստիտուտի բացակայության վերաբերյալ, սակայն դրա ներդրման համար կարևոր դեր ունեցավ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որն ընդունվել էր քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա: Նրա ներկայացուցիչներից մեկը Արտակ Զեյնալյանն էր:

«Դա այն հիմնական խթանն էր, որ ԱԺ-ն ընդունեց այդ օրենքը: Եթե համամետության մեջ դնենք, խոշտանգումները քրեականացնող նորմի բացակայությունը ՄԻԵԴ-ը շատ վաղուց է որպես խախտում գնահատել, բայց մինչև հիմա դա քրեականացված չէ: Մենք ունենք ՄԱԿ-ի կոնվենցիա, բացմաթիվ զեկույցներ, հանձնարարականներ, բայց դա չի արվում: Նույնը վերաբերում է բարոյական վնասի ինստիտուտին. մինչև ՍԴ-ն  այդ որոշումը չկայացրեց, չներդրեցին»,- նշեց իրավապաշտպանը:

Նշենք, որ ՍԴ-ի այս որոշմամբ  հակասահմանադրական ճանաչվեց Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն չէր ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն`արգելափակելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել