Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի համակարգողներից Դավիթ Սանասարյանն (նա նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ է և Երևանի ավագանում անդամ) էլ ժամեր առաջ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և արագ տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նա, Դավիթի ծնողների և հարազատների հետ այս պահին գտնվում է հիվանդանոցում և ասաց, որ թեև Դավիթի մարմնի վրա կան բռնության հետքեր, սակայն լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, թե Դավիթը ուղեղի ցնցում է ստացել: Ս. Սաֆարյանն ասաց, որ իրեն հայտնի չէ, որ նման բան արձնագարած լինեն բժիշկները: սակայն ասաց նաև, որ Դավիթի ինքնազգացողության վատանալու պատճառը թերևս ոստիկանների կողմից բռնություններն են.
«Ինչպես նկարագրում են նրա հետ ոստիկանական մեքենայում եղած անձիք, մինչև բաժանմունք տեղափոխելը բռնություններ են կիրառվել բոլորի նկատմամբ»,- ասաց նա: Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք Դավիթի ինքնազգացողությունը թույլ կտա, որպեսզի այսօրվա հանրահավքին մասնակցելու, Ստյոա Սաֆարյանն ասաց, թե առաջիկա ժամերը ցույց կտան: Այժմ պատրաստվում են հիվանդանոցից դուրս գալուց հետո տուն գնալ:
17:45
Քիչ առաջ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առողջական վիճակը լավ է և պատրաստվում է ժամը 19-ին գնալ «Ազատության» հրապարակ: