Հայաստանյան օրենսդրությունը շարունակում է հավատարիմ մնալ հռոմեական արդարադատության այն սկզբունքին, թե օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, այնինչ աշխարհի շատ երկրներում ճկուն մոտեցում կա այս հարցին և անձը կարող է խուսափել պատասխանտվությունից, եթե օրենքի մասին չի իմացել: Նախատեսվում է, որ այս հարցի վերաբերյալ ՀՀ Քրեական նոր օրենսգրքում նույնպես մոտեցումները ճկուն կլինեն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը, ով օրենսգրքի մշակման վրա աշխատող հանձնաժողովի նախագահն է:
Հունիսի 4-ին կառավարությունը հավանություն էր տվել Քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգին և այմ էլ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը սկսել է նոր քրեական օրենսգրքի մշակումը: Ա. Գաբուզյանի խոսքով, նոր օրենսգիրք ունենալու անհրաժեշտություն է, քանի որ պրկատիկայում ի հայտ են եկել գործող օրենսգրքի թերությունները, հայեցակարգային անճշտություններ:
Ա. Գաբուզյանի խոսքով, գործող օրենսգիրքը հիմնված է արարքի հայեցակարգի վրա, այսինքն` որքան մեծ է արարքի հետևանքով պատճառված վնասը, այնքան մեծ պետք է լինի պատիժը: Իսկ ահա նոր օրենսգրքով կարևորվելու է ինչպես արարքի, այնպես էլ անձի բնութագիրը:
Նոր օրենսգրքում կարևորվելու է նաև այլընտրանքային պատիժների ինստիտուտը: Ա. Գաբուզյանը օրինակ բերեց Ճապոնիան, որտեղ ազատազրկման եղանակով պատիժները կազմում են միայն 20-30 տոկոսը և նշեց, որ թեև Հայաստանը Ճապոնիա չէ, սակայն աշխատելու են այլընտրանքային պատիժների համակարգը ընդլայնելու ուղղությամբ:
Ա. Գաբուզյանը հայտնեց նաև, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվում են դեմոկրատական և հումանիստական երկրների փորձը` Կանադա, ԱՄՆ, Եվրոպական երկրներ:
Արդարադատության փոխանախարար Արման Թաթոյանն էլ հավելեց, որ նախատեսվում է, որ աշնանը նախագիծը կներկայացնի արդարադատության նախարարությանը և հնարավոր կլինի արդեն կոնկրետ դրույթների քննարկումը մասնագիտական շրջանակներում: Փոխնախարարը հայտնեց նաև, Քրեական դատավորության և Քրեական օրենսգրքերը սինխորնացվում են և հավանական է, որ շրջանառության մեջ կդրվեն միաժամանակ: Հավելեց նաև, որ միգուցե այս ժամանակահատվածում խնդիր լինի այս օրենսգրքերի հետ միասին Քրեակատարողական օրենսգիրքը նույնպես փոփոխել: