Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր՝ Ազգային ժողովում անդրադարձավ գերվճարների խնդրին: Նա ասաց. «Մեր գործընկերները հարց են տալիս տնտեսական նվազող ցուցանիշների պարագայում բյուջետային մուտքերի ավելացման մասին, խոսքը գնում է այսպես կոչված հարկային տեռորի կամ լրացուցիչ, ավելորդ գերվճարների մասին: Ես պետք է մեր գործընկերներին հիշեցնեմ և հանգստացնեմ մեր այն գործընկերներին, որ խոսում են այս մասին՝ մենք չունենք գերվճարների աճ, մեր գերավճարները աճում են միայն այնտեղ, որտեղ օրենքով սահմանված են, իսկ երբ որ խոսքը գնում է բյուջետային մուտքերի ավելացման հետ կապված, դա միայն մեր կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ տնտեսության ցուցիչների աշխուժացմանը զուգահեռ, անպայմանորեն պետք է բարձրացնենք հարկային կարգապահությունը:
Նա նաև անդրադարձավ նաև օրենսդրական նախաձեռնություններին՝ ընդգծելով, որ մինչև տարվա վերջ կունենանք միասնական Հարկային օրենսգիրք. «Վերջին տարիներին ֆինանսների նախարարությունը որպես ավանդույթ ստեղծված հարկային և բյուջետային փաթեթի հետ ներկայացվող հարկային փոփոխությունները որպես կանոն չի ներկայացնում. «Որովհետև մենք նպատակ ունենք այն գեներացնելու հարկային օրենսգրքի մեջ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են լուրջ նախապատրաստական միջոցառումներ և տարեվերջին մենք կունենանք միասնական Հարկային օրենսգիրքը, որը մեր տնտեսության մեջ կստեղծի կայուն կանխատեսելի միջավայր երկար տարիների համար: