Սկանդալային «Օֆշորի գործով» նախաքննությունն ավարտվել է սակայն գործը դեռևս դատարան չի ուղարկել. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Փաստաբանն ասաց, որ, հավանաբար, դեռևս, պատրաստ չէ մեղադրական եզրակացությունը, որը պետք է ուղարկվի դատախազին և հաստատվի նրա կողմից, որից հետո 32 հատորից բաղկացած գործը կուղարկվի դատարան:
Յուրիկ Խաչատրյանը հայտնեց նաև, որ ներկայումս ծանոթանում են գործի նյութերին: Նախաքննության ընթացքում շատերն են հարցաքննվել, այդ թվում էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը: Սակայն ՀՀ նախկին վարչապետ և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել:
Հարցաքննվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա գրեթե նույնաբովանդակ ցուցմունք է տվել, ինչ Աշոտ Սուքիասյանը. հայտնել է, որ ինքը որևէ կապ չի ունեցել այդ գործարքների հետ և Աշոտ Սուքիասյանը, ով իր սանիկն է, վերցրել է իր անձնագրի պատճեններն ու նմանակել ստորագրությունը: Կճոյանի և մեղադրյալի միջև առերեսում չի եղել, քանի որ ցուցմունքների միջև հակասություններ չեն եղել:
Լուսանկարը` armtimes.am-ի