Կայացավ «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. Ներկան եվ ապագան» խորագրով հերթական քննարկումը

Մայիսի 8-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`մայիսի 22- ին, ՀՀ վճռաբեկ դատարանի հովանու ներքո, կայացավ հերթական կլոր սեղան-քննարկումը` «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան և ապագան» խորագրով:

Հիշեցնենք, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան և ապագան» խորագրով քննարկումների շարքը մեկնարկել է մայիսի 8-ին. նպատակը դատական պրակտիկայում արդի մի շարք խնդիրների քննարկումն է և դրանց լուծման ուղենշումը, իսկ գաղափարը ծագել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի շրջանակներում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի համագործակցության արդյունքում:

Ինչպես նախորդ, այնպես էլ մայիսի 22-ին տեղի ունեցած քննարկմանն իրենց մասնակցությունն ունեցան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Քննարկումը նվիրված էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի, այդ թվում` Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի առանձնահատկություններին:
Ելույթներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը:

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել