Ծանր հանցագործության դեպքը ոստիկանները թաքցրել են հաշվառումից. ՀՔԾ

2013 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիք` պատճառելով 100 հազ. դրամի գույքային վնաս: Այս մասին հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Աննա Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել