Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես որոշել էի չաղմկել, բայց…». թրաֆիքինգի գործով դատական նիստում կրքերը թեժ էին

«Ես որոշել էի չաղմկել, բայց…» ,- թրաֆիքինգի գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Հրանտ Գևորգյանը:  Դուբայում կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով 39-ամյա Հերիքնազի գործով դատական այս նիստն էլ անցավ աղմկոտ ու լարված միջավայրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ դատարանը նախագահող դատավորի կարգադրություններին չենթարկվելու համար պաշտպան Հ. Գևորգյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացում:

Ոստիկանության կողմից դատարան բերման ենթարկված վկա Արսեն Մկրտյանը ամբաստնյալի հեռավոր բարեկամներից էր: Նա իր խոսքում նշեց, թե մտերիմ չեն եղել, հազվադեպ շփում  եղել է Հերիքնազի հետ, ում, սովորաբար, Հասմիկ են ասել: Հիշեց նաև, որ երբ իր որդին ծնվել է, Հասմիկն ընտանիքի հետ նվերներով եկել է իր որդուն տեսության: Եվ այդ ժամանակ էլ իմացել է, որ նա արտասահմանում մատուցող է աշխատում:

Սպորտային համզգեստով դատարան ներկայացած վկան չէր հիշում նաև, թե որդին երբ է ծնվել` «շատ շուտ, 5-6 տարի կլինի», հետևաբար գոնե փոքր-ինչ ճշգրտությամբ չկարողացավ ասել, թե Հերիքնազը երբ է իրենց հյուրընկալվել: Նա միայն նշում էր, որ վատ բան չի տեսել նրանից ու նրա ընտանիքից ու իր «օջախում ընդունել, պատվել է»:

Նախաքննական ցուցմունքում այս վկան նշել է, թե Հասմիկը կամ Դուբայում է աշխատում կամ Ամերիկայում: Եվ դատավարության ճշտող հարցերին ի պատասխան ասաց, թե քննիչները երկրների անուններ են տվել, ինքն էլ պատասխանել է. «Դե ես գեղացի մարդ եմ, գեղից դուրս եկած չկամ, ինչ անուն տվել ա, ասել եմ… Դե ես անգրագետ մարդ եմ,  դա էլ ծիծաղելու չի…»: Վկան չէր հասկանում, թե ինչ կարևորություն կարող է ունենալ երկրի անունը, որը նշել էր նախաքննության ժամանակ:

Մյուս վկան տուժող Ա.Ս-ի մայրն էր: Նա դատարանում պատմեց, որ իր աղջիկը հարևան Նվարդից իմացել է, որ Ամերիկայում ռեստորանում աշխատողներ են պետք: Այնուհետև Բավականին (ամբաստնյալ Հերիքնազի քրոջը, ով հանցախմբի կազմում կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու գործով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման) հանդիպել է Նվարդենց տանը, ու նրա հետ զրույցի ժամանակ «գլխի է ընկել», թե խոսքն ինչ աշխատանքի մասին է ու հրաժարվել է:

Խնդրել է մորը, որ եթե իրեն զանգեն, պատասխանի, որ էլ երեբք իրենց չանհանգստացնեն: Նա հայտնեց, որ երբ Նվարդի համարից Բավականը զանգել է իրեն ու լսել, որ իր դուստրը հրաժարվում է մեկնել այդ աշխատանքին, հայհոյել է, անպատվել իրեն ու կապն անջատել:

Դատավորի բոլոր այն հարցրեին, թե խոսքն ինչ աշխատանքի մասին է եղել, վկան խուսափում էր ուղիղ պատասխանել, ասելով, թե «աղջիկը գլխի է գցել իրեն», իսկ երբ դատարավորը խնդրեց, որ ինքն էլ դատավարության մասնակիցներին «գլխի գցի», մի կերպ պատասխանեց, որ խոսքը մարմնավաճառության մասին է:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև գործով առանցքային վկա Նվարդ Սարդարյանը: Գործի նյութերի համաձայն, նրա միջոցով է Բավականը ծանոթացել տուժողների հետ և առաջարկել մեկնել արտասահմանում գտնվող քրոջ մոտ` մատուցողի աշխատելու համար:

Նվարդը հարցաքննված վկա Արսենի նախկին կինն է եղել և Հերիքնազի ու Բավականի հետ ծանոթացել է որպես ամուսնու բարեկամներ: Առաջին անգամ  Հերիքնազին տեսել է իրենց տանը, երբ վերջինս 2009 թվականին հյուրընկալվել է իրենց տուն. այդ ժամանակ պատմել է, որ ապրում է Ամերիկայում, ամուսին ունի, բայց իրենց «դեպորտ» են արել ու պետք է փաստաթղթերը վերականգնի ու հետ վերադառնա:

Վկայի խոսքով, Հերիքնազն ինչ-որ տղամարդու հետ օտար լեզվով է խոսելիս եղել ու խոսքի մեջ մի քանի անգամ ասել է I love you, ինչից էլ ինքը եզրակացրել է, որ անգլերեն են խոսում:

Իսկ տարիներ անց, երբ ինքն արդեն ամուսնալուծված է եղել, 2012-ի վերջին մի օր իր տուն է եկել Բավականը, ասել, որ Հասմիկի (Հերիքնազի) քույրն է ու եկել են եղբոր համար աղջիկ ուզելու, ով ապրում է Նվարդենց թաղամասում:  Միասին գնացել են այդ մարդկանց տուն, ծանոթացել: Պոտենցիալ հարսնացուն սակայն երկու օր ժամանակ է խնդրել վերջնական պատասխան տալու համար:

Բավականը երկու օր հետո նորից եկել է Իջևան (որտեղ ապրել է Նվարդը)` եղբոր հավանած աղջկա պատասխանը լսելու համար, և այս ընթացքում էլ արդեն ծանոթացել է տուժողների հետ ու աշխատանքի առաջարկություններն արել:

Այս վկան պնդում էր, որ ինքը Բավականի ու տուժող ճանաչված աղջիկների խոսակցություններին ներկա չի եղել, չի միջամտել, ընդամենը նրանց ծանոթացրել է: Եվ երբ իմացել է, որ Ամերիկայում մատուցողի աշխատանք կա, ասել է, թե ինքն էլ է ուզում գնալ ու աշխատել, սակայն Բավականը պատասխանել է, թե իր տարիքը չի համապատասխանում, մեծ է ու փոքր երեխա ունի, ու որ այդ աշխատանքի համար պետք են երիտասարդ ու բարետես աղջիկներ:

Այս վկան ասաց նաև, որ ինքը չի իմացել, որ աղջիկներին հավաքում են մարմնավաճառության համար. «Եթե իմանայի, մի վայրկյան էլ չէի թողնի իմ տանը մնային: … Ես էլ եմ միամիտ եղել, չեմ իմացել, որ սրանք սենց մտքեր ունեն»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել