Անչափահաս երեխայի մայր 39-ամյա Հերիքնազը ամբաստանյալի աթոռին է թրաֆիքինգի մեղադրանքով: Համաձայն մեղադրական եզրակացության` նա, բնակվելով Դուբայ քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ` Բավականի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ:
Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, դիմավորել նրանց Դուբայ քաղաքում: Իսկ Հերիքնազն ու Բավականը կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:
Նշենք, որ Բավականն արդեն իսկ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Իսկ Հերիքնազի մասով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջին դատական նիստը տեղի ունեցավ: Ամբաստանյալը մինչ դատաքննությանն անցնելը հայտնեց, որ ամուսնալուծված է, միակ երեխան իր խնամքին, տարբեր աշխատանքներ է կատարել, Ռուսաստանում քարի արտադրամասում քիմիական նյութերով է աշխատել:
Դատարան չէին ներկայացել գործով անցնող հինգ տուժողները, ու թեև մեղադրող դատախազը դիրքորոշում հայտնեց, որ նիստը պետք է հետաձգել, սակայն դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որոշեց շարունակել քննությունը: Դատախազը կարդաց մեղադրական եզրակացությունը, որից հետո ամբաստնյալը հայտարարեց, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ընթացքում կերևա, ես եմ մեղավորը, թե էդ տուժողները, որ իրենք են ինձ ուղարկել… Ես մեղք չեմ գործել, որ ընդունեմ»:
Ապացույցների հետազոտման կարգը հաստատելուց հետո, երբ որոշվեց` պետք է հարցաքննվեն նախ տուժողները, այնուհետև վկաները, դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի մարզից երկու վկա է ներկայացել, որոշեց հարցաքննել նրանց:
Վկա Դավիթ Ալիխանյանն իր ցուցմունքում հայտնեց, որ գործով տուժող Շուշանիկն իրեն պատկանող սրճարանում մատուցող է աշխատել, և մի քանի օր երկու անծանոթ աղջիկ են սկսել Շուշանիկի մոտ գալ, հաճախ զանգել: Ու Շուշանիկն էլ անսպասելիորեն ասել է, թե մի օր հետո գնալու է ԱՄՆ, իրեն բարձր վարձրատրվող աշխատանքի են հրավիրում:
Վկան հայտնեց, թե քանի որ երկար ժամանակ ոստիկան է աշխատել, իրեն տարօրինակ է թվացել այդ ամենը, ու կասկածել է, որ միգուցե նրան Թուրքիա կամ Դուբայ են ուզում տանել` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Եվ երբ նորից զանգ է եկել Շուշանիկին, Դավիթն է պատասխանել ու ասել, որ կդիմի ոստիկանություն, դրանից հետո Շուշանիկին այլևս չեն զանգել: Վկայի խոսքով, Շուշանիկին զանգողները եղել են Նվարդն ու Բավականը:
Մյուս վկան` Սիլվան, Շուշանիկի հետ միասին մատուցող է աշխատել Դավիթին պատկանող սրճարանում: Սիլվան նույնաբովանդակ ցուցմունքներ տվեց, հայտնելով, որ Շուշանիկին ասել էին, թե իրեն ուղարկելու են ԱՄՆ-ում ապրող Աննայի (նույն ինքը` Բավականի) քրոջ ռեստորանում մատուցող աշխատելու:
Դատական նիստը անցնում էր բավականին լարված մթնոլորտում: Պաշտպան Հրանտ Գևորգյանը առարկում էր դատարանի կողմից մեղադրողի հարցերը մատչելի կերպով վերաշարադրելու դեմ, նույնիսկ հայտարարեց, թե դատախազի հետ միացել, հարցաքննում են վկաներին:
Իսկ երբ վկաների հարցաքննության ժամանակ դատախազը սկսեց առարկել փաստաբանի հարցերի դեմ, Հրանտ Գևորգյանը հունից դուրս գալով, անցավ «դու»-ի, ասելով` «մի աղմկի», «մի առարկի, ինչի՞ն ես առարկում»
Վկա Սիլվայի հարցաքննության ավարտին պաշտպանը միջնորդեց դատարանին` թուղթ-գրիչ տալ վկային, որ նա իր ցուցմունքները գրի առնի, և պարզ կդառնա, որ իրականում ինքը չէր կարող նախաքննության ընթացքում շարադրել նման ցուցմունք: Միջնորդությունը մերժվեց` անհիմն լինելու պատճառով:
Ամբաստնյալը նույնպես նյարդային էր, երբեմն ռեպլիկներ էր անում, իսկ դատարանի նկատողություններին պատասխանում էր. «Ի՞նչ անեմ, նեռվերս էլ չեն հերիքում, էս 10 ամիսը անտեղի եմ նստած»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին:
Աստղիկ Կարապետյան