Դուբայում հայ կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը: Գործի քննությունը վիճաբանության փուլում է: Նախորդ դատական նիստին մեղադրողը միջնորդել էր դատարանին պատիժ նշանակել 13 տարվա ազատազրկման:
Այսօր պաշտպան Հրանտ Գևորգյանը կարդաց պաշտպանական ճառը: Համաձայն պաշտպանական կողմի՝ Հերիքնազ Խաչատրյանի կողմից մեղսագրված արարքը կատարելու վերաբերյալ ապացույցներ գործում չկան. մեղադրանքի հիմքում ընկած են տուժողների և վկաների ցուցմունքները, որոնք անուղղակիորեն են առնչվում գործին: Չի ապացուցվել Հերիքնազի կապը ինչպես տուժող Ելենայի (ով Դուբայ է մեկնել՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար, սակայն այլ պահանջներ են ներկայացվել, չի համաձայնել դրանց հետ և պահանջել է իրենց հետ ուղարկել Հայաստան), այնպես էլ ոմն Նելուշի հետ (ով, ըստ մեղադրանքի, Դուբայում բնակվող կավատ է և նրա գլխավորությամբ է գործել կանանց թրաֆիքինգի ենթարկող հանցավոր խումբը):
Տուժողները ցուցմունք են տվել, որ հեռախոսազրույց են ունեցել Դուբայում գտնվող Հերիքնազի հետ (Բավականն է զանգել, հեռախոսը փոխանցել), ճանաչել են նրա ձայնը, սակայն չեն նշել ձայնը բնորոշող այնպիսի հատկանիշներ, որոնց համապատասխանությունը Հերիքնազի ձայնի հետ կհաստատվեին, եթե փորձաքննություն նշանակվեր: Դատարանում Բավականն էլ հայտնել է, որ ինքը երբեք չի զանգել քրոջը՝ Հերիքնազին, նրա հետ վատ հարաբերություններ է ունեցել, և երկար տարիներ չեն շփվել: Իսկ կանանց հավաքագրելու ժամանակ ասել է, թե քույրն է Դուբայում՝ նկատի ունենալով մտերիմ ընկերուհուն՝ Անոյին, ում «քուրո» է դիմելիս եղել: Ի դեպ, պաշտպանական կողմը նշեց, թե գործի քննության ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկվել պարզելու համար, թե ով է այդ Անոն և ինչ առնչություն ունի այս գործի հետ:
Մյուս կողմից, պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել ապացույցներ այն մասին, որ Հերիքնազը Արաբական Միացյալ էմիրություններից 2008 թվականին արտաքսվել է և այլևս այնտեղ չի կարողացել վերադառնալ. այնուհետև եղել է Ռուսաստանում և Թուրքիայիում: Եվ հետևաբար, չէր էլ կարող թարֆիքինգի ենթարկել կանանց: Պաշտպանական կողմը պնդեց, որ Հերիքնազը մինչև 2008 թվականը, երբ Դուբայում է եղել, ծանոթացել է ազգությամբ գերմանացի Ստեֆան Գերիչի հետ և սկզբնական շրջանում նրա տան աշխատողներից է եղել, այնուհետև միասին են ապրել: Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվողների հետ որևէ առնչություն չի ունեցել:
Ի դեպ, դատարանում միջնորդություն էր եղել վերոհիշյալ անձին դատակոչելու և հարցաքննելու վերաբերյալ, սակայն այդպես էլ չէր հաջողվել նրան դատակոչել: Պաշտպանական կողմը հայտնեց, որ ինչպես այս վկայի, այնպես էլ մեկ այլ վկայի՝ Քրիստինե Աղեկյանի (ում հետ Ռուսաստանում ապրել և աշխատել է Հերիքնազը) հարցաքննությունը չապահովելը հանգեցրել է գործի քննության ոչ լիարժեքության և համակողմանիության. ձեռք չեն բերվել իր պաշտպանյալին արդարացնող ապացույցներ:
Պաշտպանական կողմը անդրադառնալով գործում առկա բոլոր ապացույցներին, նշեց, որ Հերիքնազ Խաչատրյանի մեղավորությունն ապացուցված չէ և միջնորդեց դատարանին արդարացնել նրան:
Մյուս պաշտպան Մերուժան Մկրտչայանն ու ամբաստանյալը միացան այս ճառին: Հերիքնազ Խաչատրյանը խնդրեց արդարացնել իրեն ու նշեց, թե ինքը այս հանցանքը չի գործել:
Հաջորդ դատական նիստին ամբաստանյալը կասի իր վերջնական խոսքը: Այնուհետև դատարանը կկգնա խոհրդրակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: