755 միլիոն դրամ կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Նախորդ հրապարակման մեջ Իրավաբան.net-ը անդրադարձել էր այն հարցին, որ գնված բնակարանները, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները սեփականության իրավունքով հանձնել են իրենց աշխատակիցներին` գրեթե առանց նախապայմանի:
Բնակարանային գնումների այս գործարքների մեջ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գնված 28 բնակարաններից 16-ը Երևանում են, միևնույն թաղամասում և գնվել են «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից:
«Միկմետալ» ընկերությունից Ադոնցի 8 հասցեում գտնվող շենքում 2 բնակարան գնել է դատախազությունը, 3-ը` ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը, 3-ը ֆինանսների նախարարությունը և 1-ը` Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ «Միկշին» ընկերությունից Ադոնցի 8/2 հասցեում գտնվող շենքում 6 բնակարան է գնել ԱԱԾ-ն և 1-ը` ոստիկանությունը:
Ադոնցի 8 և Ադոնցի 8/2 հասցեները գտնվում են «Երազ» բնակելի թաղամասում: Իսկ «Երազ» բնակելի թաղամասը, ինչպես տեղեկանում ենք թաղամասի ինտերնետային կայքից, հիմնադրվել է «Միկմետալ» ՓԲԸ-ի կողմից, որը 2003 թվականից Հայաստանում գործող ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող կազմակերպություն է: Թաղամասի շինարարությունը կատարվում է «Միկշին» ընկերության կողմից, որը գործում է 2007 թվականից:
«Միկմետալ»-ի գլխավոր բաժնետերը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է
Ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող «Միկմետալ» ընկերության որպես սեփականատեր Հայաստանում հայտնի է Միխայիլ Հարությունյանը: Սակայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Միխայիլ Հարությունյանը ընկերության ընդամենը 25 տոկոսի բաժնետերն է:
Իսկ բաժնետոսմերի 75 տոկոսը պատկանում է օֆշորային գոտում գրանցված «Մորակո Հոլդինգս» ՍՊԸ-ին, որի իրավաբանական հասցեն կիպրոսյան Լիմասոլ քաղաքում է` Մակարիուսի 3-284: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով` այս ընկերության տնօրեններից մեկը ոմն Կարինե Հայրապետյան է:
«Միկմետալ» ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 715 միլիոն 740 հազար դրամ:
«Միկշին» ընկերության 100 տոկոս բաժնետերը Տիգրան Հարությունյանն է` Միխայիլ Հարությունյանի որդին: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` ընկերության կանոնադրական կապիտալը ստեղծման պահին եղել է 100 հազար դրամ, իսկ վերջին տվյալներով` 2013 թվականի օգոստոս 1-ի դրությամբ` 50 հազար դրամ:
Գործող անձիք նույնն են
Հիշյալ 16 բնակարանների առուվաճառքի բոլոր պայմանագրերում որպես վաճառողի լիազորված անձ հանդես է գալիս Կարեն Գագիկի Ղազարյանը: Այսինքն` նա որպես վաճառող լիազորված է և «Միկմետալ» ընկերության կողմից (տնօրենը Վահան Հարությունյանն է) և «Միկշին» ընկերությունից (տնօրենը Ստեփան Խաչատուրյանն է):
«Թրանսփարենսի ինտերնեյշընըլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ այս գործարքը կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Նախ այս դեպքում բնակարանները գնվել են երկու տարբեր կազմակերպություններից` «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից, և առուվաճառքի պայմանագրերում երկու ընկերությունների անունից լիազորված է միևնույն անձը:
Հետաքրքիր է նաև այն, որ առուվաճառքի բոլոր գործարքները վավերացվել են Կենտրոն վարչական շրջանի նոտար Հայկուհի Հարությունյանի կողմից:
Մյուս կողմից հիմնավորված չէ, թե ինչու, ինչ չափանիշներով են ընտրվել աշխատակիցները, որոնց սեփականության իրավունքով տրվել են բնակարանները. «Խտրականությունը բացառելու համար պաշտոնը ստանձնելու պահին պետք է նշվի, որ այս անձը ինչ-որ չափանիշների բավարարելու դեպքում կարող է պետական աջակցություն ակնկալել: Սակայն այս դեպքում այդ չափանիշները չկային»,- ասաց Ա. Մանուկյանը:
Փաստորեն, կառավարությունը պետական միջոցների հաշվին բնակեցնում է մասնավոր ընկերությունների կողմից կառուցվող թաղամասը: Իհարկե, ազնվության համար պետք է նշել, որ այս դեպքում բնակարանները շուկայական գնից թանկ չեն ձեռքբերվել (եթե համեմատում ենք մյուս նորակառույց շենքերի բնակարանների գնի և ընդհանուր մակերեսի հետ), սակայն հիմնավորված չէ, թե ինչու են բոլոր բնակարանները գնվել այս ընկերություններից և չի հայտարարվել գնումների մրցույթ:
Նշենք, որ մինչև կառավարության 1055-Ն որոշումն ընդունելը (որի շրջանակներում էլ հատկացվել է մոտ 755 մլն դրամը` բնակարաններ ձեռք բերելու համար), կառավարությանը ներկայացվել է նաև շահագրգիռ մարմինների կողմից արված առաջարկությունների ամփոփաթերթը: Այստեղ մի շարք առաջարկություններից բացի, առաջարկվել է նաև գնումը կատարել մրցակցային ընթացակարգով` «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա:
Առաջարկությունը սակայն մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «Չի ընդունվել, քանի որ ՀՀ կառավարության որոշումը նպատակ ունի ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման, որի իրականացումը հրատապություն է պահանջում (համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի)»: Սակայն թե ինչու է հրատապություն պահանջում գնումը, որևէ բացատրություն չկա:
Աստղիկ Կարապետյան