Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակված են մի շարք փաստաթղթեր, որոնք ապացույցներ են Ցեղասպանության մասին: Ներկայացնում ենք 1915 թվականի մարտից մինչև 1916 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Թալեաթ փաշայի պաշտոնական հրահանգները հայերի ջարդերի վերաբերյալ:
Մարտի 25, 1915
Ջեմալ բեյին, պատվիրակ Ադանայում
Յուրաքանչյուրի պարտքն է ամեն հնարավոր միջոցներով ազդել հայտնի տարրերի գոյության ոչնչացման վեհ ծրագրի իրագործմանը, ովքեր դարեր ի վեր խոչընդոտ են հանդիսացել կայսրության քաղաքակրթության բարգավաճմանը:
Հետևաբար մենք պետք է մեզ վրա վերցնենք ամբողջ պատասխանատվությունը` երդվելով ինչ էլ պատահի իրագործել այն: Միշտ պետք է հիշենք, թե որքան մեծ է այն զոհողությունը, որը կառավարությունը կատարում է` ներգրավվելով Համաշխարհային պատերազմում: Պետք է այնպես գործենք, որ կիրառված միջոցները տանեն ցանկալի արդյունքի:
Փետրվարի 18-ի մեր զեկույցում հայտարարեցինք, որ Ջեմիեթը վճռել է բնաջնջել տարբեր ուժերի, որոնք դարեր ի վեր արգելք են հանդիսացել: Այս առումով պետք է կիրառել արյունալի մեթոդներ: Անշուշտ այդ մեթոդների կիրառումը սարսափեցնում է մեզ, բայց Ջեմիաթը ուրիշ այլ ելք չունի, որ հավաստի իր գործելակերպի կայունությունը:
Ալի Ռիզան` հանձնաժողովի պատվիրակ Հալեպում, դաժանորեն մեզ քննադատեց ու հորդորեց գթասիրտ լինել, այսպիսի պարզունակությունը ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն: Մենք կգտնենք մի վայր բոլոր նրանց համար, ովքեր չեն համագործակցի մեզ հետ, մի վայր, որտեղ կճնշվեն նրանց սրտի նուրբ լարերը:
Կրկին անգամ թույլ տվեք ձեզ հիշեցնել սեփականության հարցի մասին: Սա շատ կարևոր է: Աչալրջությամբ ընդունեք դրա բաժանումը, միշտ քննեք հաշիվները և շահույթից ստացված օգուտը:
Ջեմիեթ
Սեպտեմբերի 3, 1915թ
Հալեպի կուսակալությանը
Տեղեկացնում ենք, որ պետք է ներառեք նաև կանանց ու երեխաներին այն կարգադրության մեջ, որ նախկինում վերաբերվում էր միայն տղամարդկանց: Այդ պարտականությունների համար ընտրե´ք վստահելի ծառայողների:
Թալեաթ, Ներքին գործերի նախարար
Սեպտեմբերի 16
Հալեպի կուսակալությանը
Ձեզ տեղեկացրել էին, որ կառավարությունը Ջեմիեթի կարգադրությամբ վճռել է վերացնել Թուրքիայում բնակվող նշված բոլոր մարդկանց` հայերին:
Բոլոր նրանք, ովքեր կընդիմանան այս վճռին և հրամանին չեն կարող մնալ կայսրության պաշտոնական կազմում: Նրանց գոյությանը պետք է վերջ դրվի որքան էլ միջոցները ողբերգական լինեն: Չպետք է հաշվի առնել ոչ տարիքը, ոչ սեռը և ոչ էլ խղճի վարանումը:
Թալեաթ, Ներքին գործերի նախարար
1915թ, նոյեմբերի 18
Հալեպի կուսակալությանը
Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի` պրն Մորգենթաուի կողմից իր կառավարության անունից վերջերս արված միջամտությունից պարզ է դառնում, որ ամերիկյան հյուպատոսները գաղտնի միջոցներով տիրապետում են ինֆորմացիային: Նրանք մնում են չհամոզվող, չնայած մեր հավաստիացումներին, որ տեղահանությունները ապահով կիրականացվեն:
Զգույշ եղեք, որ ուշադրություն գրավող իրադարձությունները քաղաքների կամ այլ կենտրոնների մոտ չիրականացվեն: Մեր ներկայիս քաղաքականության տեսանկյունից ամենակարևորն այն է, որ այդ մասերում բնակվող օտարերկրացիներին համոզենք, որ հայերի արտաքսումը իրականում միայն բռի տեղահանություն է:
Հետևաբար կարևոր է, որ միառժամանակ նուրբ մոտեցում ցուցաբերենք, իսկ սովորական միջոցառումները հարմար վայրերում իրականցվեն:
Բոլոր նրանք, ովքեր հակառակ ինֆորմացիան են տրվել, կձերբակալվեն ու ռազմական իշխանություններին կհանձնվեն, որպեսզի ռազմական դատարանը նրանց դատի: Այս հրահանգը հույժ կարևոր է համարվում:
Թալեաթ
1915թ, դեկտեմբերի 11
Հալեպի կուսակալությանը
Մեզ տեղեկացրել են, որ հայ լրագիրների որոշ թղթակիցներ լուսանկարներ ու նամակներ են ձեռք բերել, որոնք պատկերում են ողբերգական իրադարձությունները և դրանք նրանք տվել են Հալեպում ամերիկյան հյուպատոսությանը: Այս տեսակի վտանգավոր մարդկանց պետք է ձերբակալել ու ճնշել:
Ներքին գործերի նախարար Թալեաթ
1916թ, հունվարի 15
Հալեպի կառավարությանը
Մեզ տեղեկացրել են, որ որոշ նոր բացված որբանոցներ ընդունում են նաև հայ երեխաների:
Եթե դա արվեր մեր իրական նպատակների անիրազեկությամբ կամ արհամարհման հետևանքով, կառավարությունը կդիտարկեր այդ տեսակ երեխաների կերակրումը կամ նրանց կյանքը երկարացնելու ցանկացած գործոն որպես մեր նպատակներին լիովին հակադիր արարք: Քանի որ այդ երեխաների փրկության հարցը դիտարկում է որպես վնասակար երևույթ:
Որբանոցներին խորհուրդ եմ տալիս չընդունել այդպիսի երեխաների և փորձեր էլ չարվեն հատուկ նրանց համար որբանոցներ հիմնել:
Ներքին գործերի նախարար Թալեաթ
Ներքին գործերի նախարարությունից Հալեպի կուսակալությանը
Միայն այն որբերը, ովքեր չեն կարող հիշել այն սարսափները, որոնց նրանց ծնողները ենթարկվել են, պետք է հավաքել և խնամել: Մնացածներին ուղարկեք քարավանների հետ:
Ներքին գործերի նախարար Թալեաթ
Աղբյուրը` Արձանագրություններ Մեծ պատերազմի վերաբերյալ, հատոր 3, խմբագիր` Չարլզ Ֆ. Հորն, «Ազգի զավակներ»