Երբ վկան կհարցաքննվի մեղադրյալի կանոններով. Ռուբեն Մելիքյանը` ՔԴՕ նախագծի մասին

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից դուրս է բերվել կասկածյալի կարգավիճակը: Իրավաբան.net-ի հետ զրույցում մասնագետներն անդրադառնալով խնդրին, նշում են, որ այս նորամուծությունը կարող է պատճառ դառնալ մարդու իրավունքների ոտնահարման: Ինչ անել այն իրավիճակում, երբ անձը քննչական մարմին է կանչվել որպես վկա, սակայն նրա հանդեպ կան կասկածներ` հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հարցաքննե՞լ որպես վկա` խախտելով նրա մի շարք իրավունքներ, օրինակ, պատասխանել իր դեմ հնչեցված հարցերին, թե ձերբակալել նրան, որպեսզի վերջին կարողանա օգտվել լռելու, պաշտպան ունենալու և այլ իրավունքներից:

Իրավաբան.net-ի հետ զրույցում հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի համահեղինակ Ռուբեն Մելիքյանը: «Մենք կիրառել ենք մի տեսություն, որն իր կենսունակությունը ապացուցել է մեր կողմից ուսումնասիրված համակարգերում, նաև Հայաստանում, ի դեպ: Զինվորական քննչական մարմնում է դա կիրառվել: Խոսքը ասոցացված վկայի մասին է: Մենք, իհարկե, չունենք ասոցացված վկա ձևակերպումը, սակայն դրա գաղափարն օրենսգրքում դրված է»,- ասաց Ռ. Մելիքյանը:

Նրա խոսքով, ասոցացված վկա ձևակերպումը տեսության մեջ է օգտագործվում, իսկ պրակտիկայում ասոցացված վկան այն անձն է, ով հարցաքննվում է մեղադրյալի կանոններով. «Եթե պետությունն ունի որոշակի կասկած անձի նկատմամբ, ապա ունի երկու տարբերակ` կամ նրան մեղադրյալ ներգրավել (ի դեպ, մենք բավականին նվազեցրել ենք մեղադրյալ ներգրավելու շեմը), կամ անձին հրավիրել որպես վկա հարցաքննելու` միաժամանակ տեղեկացնելով նրան, որ հարցաքննվելու է մեղադրյալի կանոններով և ունի մեղադրյալի բոլոր իրավունքները»:

Ասոցացված վկան, ի տարբերություն վկայի, իրավունք ունի հարցաքննության ներկայանալ ոչ թե պարզապես փաստաբանի, այլ պաշտպանի հետ: Պաշտպանն ունի ավելի լայն լիազորություններ` հարցաքննությանը միջամտելու, քան պարզապես փաստաբանը: Նաև կարող է չպատասխանել որոշ հարցերի կամ ընդհանրապես լռել, ինչը պարզապես վկայի դեպքում կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:

«Պարզ ասած`մենք խնդիր չենք տեսնում, որ վկան հարցաքննվի մեղադրյալի կանոններով: Եվ այս ինստիտուտը օրենսգրքի հիմքում դրված է և ավելի ենք խորացնելու: Այս պարագայում կասկածյալի կարգավիճակի անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է»,- ասաց Ռ. Մելիքյանը:

Նրա խոսքով, ներկայիս գործող Քրեական դատավարության օրենսգրքով կասկածյալի կարգավիճակով անձին ներգրավվելու կարգը աբսուրդային է. անձը կասկածյալի կարգավիճակ է ստանում, երբ նրա նկատմամբ կիրառվում է հարկադրանքի որևէ միջոց, այնինչ` տրամաբանորեն պետք է լինի հակառակը` կարգավիճակ ունենալուց հետո միայն պետք է հարկադրանքի միջոց կիրառվի:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել