Ըստ մոր հաղորդման՝ բժիշկները կատարել են հակացուցված բուժում, ինչի հետևանքով որդին մահացել է

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, ինչը առաջացրել է բուժվող հիվանդի մահը։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Փոխանցվում է, որ Երևան քաղաքի բնակչուհի Գայանե Ճանճապանյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ որդին՝ Արթուր Գրիգորյանը 2015թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 6-ն ստացիոնար բուժում է ստացել «Էրեբունի » Բ/Կ-ում, որտեղ ռևմատոլոգիայի բաժնի վարիչի և որպես թոքաբան հրավիրված մասնագետի կողմից ոչ ճիշտ ախտորոշման հետևանքով չի հայտնաբերվել որդու մոտ առկա «Միլիար տուբերկուլոզ» հիվանդությունը, կատարվել է հակացուցված բուժում, ինչի հետևանքով որդին փետրվարի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում մահացել է:

Բնակչուհու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ապրիլի 1-ին եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառը եւ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական հնարավոր խախտումները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել