ՀՀ կառավարությունը քաղաքացուն գույք վաճառեց կես գնով

ՀՀ կառավարության այսօրվա նիստին գործադիրը թույլատրեց պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Շիրակի մարզի Հայկաձոր համայնքի 1 փողոց 6 նրբանցք 2 հասցեում գտնվող 1655.69 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (վարչական շենք՝ 394 քառ.մետր, մաքրման կայան՝ 975.25 քառ. մետր, լաբորատորիա՝ 179.14 քառ. մետր, կաթսայատուն՝ 107.3 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25238 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել Աղվան Ասլանյանին: Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Թեև ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մարտի 18-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` շուրջ 3 մլն էր, սակայն այն կվաճառվի կես գնով՝ 1.5 մլն ՀՀ դրամով:

Պարզաբանվում է, որ Աղվան Ասլանյանը երկու տարվա ընթացքում նշված հասցեում կստեղծի անասնապահական համալիր՝ վերանորոգելով շենք-շինությունները, ձեռք բերելով մեղուներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և այլ անհրաժեշտ սարքավորումներ՝ ներդնելով 10.0 մլն. ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

Արամ Սահակյանը հիմնավորեց, որ համայնքը սահմանից 200 կմ հեռավորության վրա է գտնվում, բնակչությունը` 500 ՀՀ քաղաքացի, հիմնական գործունեության ոլորտը` անասնապահությունն է: Օտարումն իրականացվում է այս ոլորտը զարգացնելու համար:

Միաժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն նշված շենք-շինությունները ունեն հետևյալ աստիճանի վնասվածություն.

վարչական շենք՝ գնահատվում է երրորդ աստիճանի, տեխնիկական վիճակը՝ անբավարար:

մաքրման կայանի շենք՝ գնահատվում է չորրորդ աստիճանի, տեխնիկական վիճակը՝ վթարային:

լաբորատորիայի շենք՝ գնահատվում է երկրորդ աստիճանի, տեխնիկական վիճակը՝ բավարար:

կաթսայատան շենք՝ գնահատվում է երրորդ աստիճանի, տեխնիկական վիճակը՝ անբավարար:

Ի դեպ, այսօր վարչապետի կողմից հետաքրքիր հարց եղավ Արման Սահակյանին, երբ Քաղաքաշինության նախարարը ներկայացնում էր իր նախագիծը, Արման Սահակյանը զրույցի էր բռնվել կառավարության անդամենրի հետ. «Պարոն Սահակյան, Ձեր աջն ու ձախը ակտիվ են այսօր, ի՞նչ կա»,- որից հետո Արման Սահակյանը և նրա զրուցակիցները լռեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել