Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի արդեն նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի՝ 2 տարի ընթացող նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մեղադրյալի աթոռին հայտնված նախկին տնօրեն Սայաթ Մինասյանը մեղադրվում է 6 516 850 դրամի յուրացման մեջ: Ի դեպ, երբ գործը նոր էր հարուցվել, հայտարարվում էր ընդամենը 2 729 430 դրամի մասին: Բայց նախաքննության ընթացքում պարզվել է, որ տնօրենի հափշտակած գումարը կրկնակի ավել է եղել:
2013-ի փետրվար ամսին Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում կրթության ու գիտության նախարարությունն աուդիտ էր իրականցրել, որի արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը:
Նախաքննական մարմինը պարզել է, որ տնօրենը դպրոցի աշակերտներից դասագրքերի գնման պատրվակով գումարներ է հավաքագրել, ինչպես նաև շինանյութերի ձեռքբերման պատրվակով դպրոցի բյուջեից դուրս է գրել ընդհանուր առմամբ շուրջ 6.5 մլն դրամ ու յուրացրել:
Ի դեպ, հետաքրքրական է, որ հիշյալ ստուգումները դպրոցում իրականցվել էին այն ժամանակ, երբ Սայաթ Մինասյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր ու նա ազատվել էր աշխատանքից:
Նշենք նաև, որ Սայաթ Մինասյանն այսօր աշխատում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտում՝ որպես տնտեսական բաժնի վարիչ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով դատաքննության հերթական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 15-ին: