ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշում է կայացրել մեկ աշխատանքային շաբաթով` մինչև մարտի 29-ը ներառյալ, երկարացնել դպրոցների գարնանային արձակուրդները: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Աշոտյանը նշել է, որ որոշումը կայացնելու համար հիմք է ընդունվել առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ:
«Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»,- գրել է Ա. Աշոտյանը:
Դպրոցների գարնանային արձակուրդները մեկնարկել էին մարտի 16-ին: