ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:
ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% – 30%-ի չափով: Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության:
Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված Կազմակերպության հետ համագործակցելուց:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: