Իրավաբան.net-ն՝ այսօր շփման գծում տեղի ունեցած հարձակման շուրջ զրուցեց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրության մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ, ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Պարոն Սիմոնյանը փոխանցեց. «Եթե կրակոցները Արցախի վրա է, այլ ստատուս է առաջանում, իսկ Հայաստան վրա կրակոցների դեպքում՝ մեկ այլ»:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի վրա կատարած հարձակումները պարոն Սիմոնյանի խոսքերով, հետևյալ իրավական խախտումներն են առաջ բերում. «Եթե հարցը դիտարկենք Հայաստանը՝ որպես Ղարաբաղի ներկայացուցիչ տեսանկյունից, ապա տեղի է ունեցել՝ զինադադարի խախտում, ուժի գործադրում, որը արգելված է, տարածքային ամբողջականության խախտում, սահմանների անխախտելիության սկզբունքի խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խախտվել են մնացած ենթականոնները: Ադրբեջանը չի ընդունում այս ամենը, որովհետև այդ երկիրը դեմ է Ղարաբաղին՝ որպես սուբյեկտ, գտնում է, որ Արցախը հայկական զինված ուժերի կողմից օկուպացված տարածք է: Տվյալ պարագայում Ադրբեջանը հայտարարում է, որ պատերազմի մեջ է, ուստի ամեն գնով փորձում է վերականգնել տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում զինված ուժի միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը:
Երբ կրակոցները ու հարձակումները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններին, ապա փաստաբանի խոսքերով՝ այլ իրավիճակ է առաջանում. «Սա արդեն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ կատարված գործողություն է, որի պարագայում վերոնշյալ սկզբունքների միանշանակ խախտում է արձանագրվում: Պարզապես Ադրբեջանը հետևյալ կերպ է մեկնաբանում՝ «քանի որ Հայաստանն է «օկուպացրել» Ղարաբաղը, ես իրավունք ունեմ հենց Հայաստանի նկատմամբ զինված ուժ գործադրել», այսինքն՝ սուբյեկտը Հայաստանին է դիտարկում»,- նշեց պարոն Սիմոնյանը:
Այս հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ միջազգային դատական ատյաններից կարելի է խնդրին կարգավորում տալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջոցով. «Իրավական կարգավորում տալիս է նշյալ դատարանը, որպեսզի կողմերն ընդունեն իրավասություններն այս հարցով և փորձեն խնդիրների լուծում տալ: Կամ էլ որևէ տրիբունալ հիմնեն և նման կերպ փորձեն լուծել նմանաբնույթ խնդիրները»,- եզրահանգեց փաստաբանը: