Ամփոփել է 2014 թվականին կայացված արդարացման դատավճիռների վերաբերյալ վիճակագրական տվյալները

Այսօր դատական դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ մարտի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ամփոփեց 2014 թվականի վիճակագրական տվյալները և քննարկեց ՀՀ դատական համակարգում առկա մի շարք արդի խնդիրներ:

2014 թվականի վիճակագրական տվյալների ամփոփման և քրեական արդարադատության բնագավառի արդի հիմնախնդիրների քննարկման շրջանակներում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում ելույթ ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Դրական գնահատելով այն հանգամանքը, որ դատական իշխանության բարձրագույն ինքնակառավարման մարմնում՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում քննարկման առարկա են դառնում բովանդակային հարցեր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը նշեց, որ 2014 թվականի ընթացքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ստացվել է 21.318 գործ, որից 4021-ն ըստ էության քրեական գործեր են, 17.297-ը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը և դատական ակտերին վերաբերող միջնորդություններ: Ստացված 4021 քրեական գործերից ավարտվել է 2882-ը, կամ գործերի 71.7%-ը, ստացված 17.297 միջնորդություններից ավարտվել է 17.205-ը, կամ միջնորդությունների 99.5%-ը: Ընդհանուր առմամբ ավարտվել է 20.087 գործ, կամ գործերի 94.2%-ը:

Անդրադառնալով պատժական պրակտիկային՝ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ չնայած վերջին շրջանում նկատվող նվազման միտումներին, նշանակվող պատիժների շարքում ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների՝ ազատազրկում, կալանք, կարգապահական գումարտակում պահելը, կիրառումը շարունակում է գերակշռել: Այսպես, եթե 2011 թվականին ռեալ ազատազրկման է դատապարտվել դատապարտվածների 68%-ը, 2012 թվականին՝ 59%-ը, 2013 թվականին՝ 56%-ը, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 50%: Այսպիսով՝ նվազման միտումն առկա է, սակայն արդյո՞ք իրավիճակը համահունչ է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա պրակտիկային, իհարկե՝ ոչ: Ըստ Պալատի նախագահի, պատահական չէ, որ դատական համակարգն այս առումով միջազգային կառույցների քննադատության թիրախն է: Եվրոպական երկրներում՝ դատարանների կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և դատապարտվածների միջին ցուցանիշը 15.6% է, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան՝ 5%, Ֆինլանդիան՝ 3%, հետխորհրդային երկրներից Հունգարիան՝ 11.5%, Սլովենիան՝ 15%, Լեհաստանը՝ 9.2%, Ուկրաինան՝ 24% և այլն:

Նշվեց, որ նման իրավիճակի պատճառները տարբեր են, սակայն դրանցից գլխավորը կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի իմիտացիան է, որը վերագրելի է ինչպես իրավապահ ամբողջ համակարգին, այնպես էլ դատական համակարգին:

Անցում կատարելով քրեական գործերով դատական ակտերի բեկանում-փոփոխումների վերաբերյալ վիճակագրական տվյալներին՝ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ քրեական վարույթի շրջանակներում քննված 20.087 գործերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացվել է 2850 բողոք, որոնցով բողոքարկվել է կայացված դատական ակտերի 17.7%-ը: Ըստ էության՝ քրեական գործերով բողոքարկվել է 1156 դատական ակտ, որոնցով վարույթն ավարտվել է 1033-ով, շուրջ 90%-ով: Բեկանվել է 264 դատական ակտ, որը կազմում է բողոքարկված դատական ակտերի 25.5%-ը: Ստացվում է, որ ըստ էության քրեական գործերով բողոքարկված յուրաքանչյուր 4-րդ դատական ակտ բեկանվել է, ինչը մտահոգիչ է, հատկապես, երբ աչքի ենք անցկացնում տարիների դինամիկան, նկատում ենք, որ 2011 թվականին բեկանվել է բողոքարկված դատական ակտերի 12.8%-ը, 2012 թվականին՝ 18.3%-ը, 2013 թվականին՝ 24.6%-ը, իսկ 2014 թվականին՝ 25.5%-ը: Նշվեց նաև, որ 2014 թվականին վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի 7 դատական ակտ և օրինական ուժ է տվել առաջին ատյանի դատարանի դատական ակտերին, 32 գործով դատական ակտերը բեկանվել են և գործերն ուղարկվել են նոր քննության: Նշվեց, որ միայն 4 գործով դատական ակտերը բեկանվել են և նոր քննության համար ուղարկվել են առաջին ատյանի դատարան, իսկ 11 անձի նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Դատական վերահսկողության վարույթների շրջանակերում բերված 1445 բողոքներից բավարարվել է 137-ը կամ 9.5%-ը: Ընդհանուր առմամբ բողոքարկված 2563 դատական ակտերից բեկանվել է 403-ը, որը կազմում է 15.7%-ը: Ընդգծվեց նաև, որ քրեական գործերով և միջնորդություններով ընդհանուր կայունությունը կազմում է 97.7%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը՝ 94.6%: Դատական ակտերի կայունության առումով բարձր ցուցանիշներ ունեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի հետևյալ դատարանները՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ՝ 97.8%, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 97.1%, Արագածոտնի մարզ՝ 97%: Գործերի ավարտման առումով բարձր ցուցանիշներ ունեն Սյունիքի՝ 83.5%, Լոռու՝ 81.8%, Տավուշի՝ 81.7% մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները: Այս առումով ամենացածր ցուցանիշները գրանցել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն՝ 60.4%, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն՝ 60.4%, Ավան և Նոր Նորք՝ 62% վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: Դրական պետք է համարել այն, որ 2014 թվականին քրեական գործերով բողոքների թիվը պակասել է շուրջ 10%-ով, իսկ մինչդատական վարույթում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բերված բողոքներն աճել են, այն էլ 19%-ով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները մինչդատական վարույթում իրենց իրավունքները պաշտպանելու համար սկսել են ավելի հաճախ օգտվել դատական պաշտպանությունից, ինչը կարող է վկայել դատարանների հեղինակության աճի մասին:

Պայմանական դատապարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներով պատիժը պայմանականորեն չի կիրառվել 834 անձի նկատմամբ, որը կազմում է ընդհանուր դատապարտվածների շուրջ 24%-ը, ինչը նախորդ տարիներից ավել է 3%-ով: Այս ցուցանիշով ՀՀ-ն գերազանցում է եվրոպական միջինը, որը կազմում է 12.7%: Եվրոպական երկրներում պայմանական դատապարտության ինստիտուտի կիրառման պրակտիկան գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված երկրներում պայմանական դատապարտության սահմանները նեղ են, մասնավորապես, օրենսդրությամբ թվարկված են այն հանցագործությունները, որոնց կապակցությամբ կարելի է պայմանական դատապարտություն կիրառել և պատժի սահմանները, որոնցով կարելի է նշանակել պայմանական դատապարտություն, մինչդեռ ՀՀ քրեական օրենսդրությունը թույլ է տալիս ցանկացած ծանրության հանցագործության գործով կիրառել պայմանական դատապարտություն: Ինչպես հայտնի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է որոշակի պարտավորություններ դնել: Քիչ չեն դեպքերը, երբ դատարանները պարտականություն չեն դնում, իսկ դնելուց բավարարվում են նշելով. «(…) դատապարտյալի վրա դնել ՀՀ քրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտավորությունները»: Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրական օրենսգրքի 76-րդ հոդվածի կարգով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն: Մինչև գործող օրենսդրության կատարելագործումը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ինչպես նաև դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի վրա անհրաժեշտ է դնել ՀՀ քրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կոնկրետ պարտավորություն, ինչը որոշ չափով կնպաստի այդ ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը:

Բանկային գաղտնիքի պաշտպանության վերաբերյալ նշվեց, որ համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ վիճակը հեռու է բարվոք լինելուց: Առանձնացվեց բանկային գաղտնիք առգրավելու միջնորդություններ քննարկելիս դատարանի կողմից թույլ տրվող չորս հիմնական խախտումները.
1. որոշումներում հիմնավորվածությունները բացակայում են,
2. կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի բացակայություն,
3. բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է տուժողին,
4. բանկային գաղտնիքի տրամադրում՝ առանց ժամկետի սահմանափակման:

Նշվեց, որ ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ անհրաժեշտ է լրջորեն միջոցներ ձեռնարկել այս միջնորդությունները քննող դատավորների վերապատրաստման ուղղությամբ:

2014 թվականի վիճակագրական տվյալների ամփոփման և քաղաքացիական ու վարչական արդարադատության բնագավառի արդի հիմնախնդիրների քննարկման շրջանակներում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում ելույթ ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Պալատի նախագահն իր ելույթը սկսեց 2014 թվականին կատարված աշխատանքի վիճակագրական տվյալների ներկայացմամբ: Նա նշեց, որ ստացված ավելի քան 85.000 քաղաքացիական գործերով կայացվել է մոտ 47.000 դատական ակտ:

<<Եթե հաշվենք քաղաքացիական գործերի ավարտվածության տոկոսը, իսկ այն կազմում է մոտավորապես 58%, ապա ցուցանիշը 2013 թվականի համեմատ նվազել է, սակայն, եթե հաշվարկն իրականացնենք բացարձակ թվերով, ապա կհամոզվենք, որ ահռելի աշխատանք է կատարվել, քանի որ 2013 թվականի համեմատ քաղաքացիական գործեր քննող դատավորները 18.000-ով ավելի վճիռ են կայացրել: Դա խոսում է յուրաքանչյուր դատավորի ծանր աշխատանքի մասին>>, – ընդգծեց Երվանդ Խունդկարյանը:

Անդրադառնալով վարչական գործերի ավարտվածության հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ այն 2013 թվականի համեմատ աճել է (2014 թվականին ավարտվել է գործերի 71%-ը, իսկ 2013 թվականին ավարտվել է մոտ 63%-ը), սակայն ՀՀ վարչական դատարանը 2013-2014 թվականների ընթացքում կայացրել է 4000-ով պակաս դատական ակտ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործունեության կապակցությամբ Պալատի նախագահը նշեց, որ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերից բողոքարկվել է մոտ 8%-ը, և այս թվից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունված գործերից բեկանվել է 29%-ը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի գործունեության պարագայում բեկանումները կազմում են մոտ 22%:

Ամփոփելով ներկայացված վիճակագրական տվյալները՝ Երվանդ Խունդկարյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ քաղաքացիական գործով կայացված մոտավորապես յուրաքանչյուր երրորդ դատական ակտ, որը բողոքարկվել է վերաքննության կարգով, բեկանվել է: Այս կապակցությամբ Պալատի նախագահը նշեց, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2015 թվականի փետրվարի 16-ին կայացրել է <<Դատական պրակտիկայի ամփոփում անցկացնելու մասին>> որոշում, որի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվելու մի շարք հարցերի, այդ թվում՝ վերոնշյալ բեկանումների պատճառների վերհանման ուղղությամբ: Իր ելույթում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն անդրադարձավ դատական պրակտիկայում առկա մի շարք այլ հիմնախնդիրների:

Քաղաքացիական արդարադատության դաշտում դատավորները բավականին ծանրաբեռնված են, սակայն այդ ծանրաբեռնվածության հետ զուգահեռ առկա են այնպիսի թերացումներ, որոնք անընդունելի են, օրինակ՝ գործերի քննության երկար ժամկետները, դատական ակտերի՝ օրենքով սահմանված ժամկետների խախտումներով կողմերին ուղարկելը: Դատավորների բեռը թոթափելու համար առկա է երկու եղանակ՝ դատավորների հաստիքների ավելացում, որը անվերջ չի կարող լինել, կամ այնպիսի ինստիտուտների ստեղծում և զարգացում, որոնք օժանդակում են դատարանի աշխատանքին, օրինակ՝ արբիտրաժներ, նոտարիատ, հաշտարարներ: Նշվեց, որ այս հարցերը քննարկման առարկա են դարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, և ցավալին այն է, որ այդ նախագծի վերաբերյալ 17 դատարաններից առաջարկություններ և դիտողություններ են ստացվել միայն 7-ից, որից 2-ն է լուրջ աշխատանք կատարել, դա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններն են: Այս առումով կոչ արվեց ևս մեկ անգամ քննարկել օրենսդրական նախագիծը և ներկայացնել հնարավորինս կառուցողական առաջարկներ, որպեսզի հանձնաժողովը կարողանա հասկանալ դատավորների դիրքորոշումը:

Հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ նշվեց, որ քաղաքացիական գործ քննող որևէ դատավոր՝ իր վարույթում քննվող գործով, ինքնուրույն ապացույց հայթայթելու և գործի նյութերին կցելու իրավունք չունի, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված երկու դեպքերի:

Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքային վեճերին: Վարչական և քաղաքացիական դատավարության դաշտերում խառնաշփոթ էր առաջացել, որն իր հանգուցալուծումը ստացավ 2014 թվականի հունվարի 7-ին՝ նոր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ: Խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վերաբերյալ աշխատանքային հարաբերությունների դաշտում կայացված հրամաններին: Մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումը, վճռաբեկ դատարանն ուներ նախադեպային որոշում, թե որ դատարանը պետք է քննի նմանատիպ գործերը: Այժմ՝ համաձայն նոր օրենսդրական կարգավորումների աշխատանքային հիշյալ վեճերը պետք է քննի վարչական դատարանը, սակայն մինչև օրենսդրական կարգավորումները՝ հիշյալ վեճերով վարույթ ընդունված գործերը պետք է շարունակվեն քննվել և ավարտվել քաղաքացիական դատարանի դատավորների կողմից:

Ամփոփելով իր ելույթը` Երվանդ Խունդկարյանը տեղեկացրեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 2015 թվականի մարտի 5-ին կայացվել է թիվ ՎԴ3/0347/05/13 որոշումը, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորվել այն մասին, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:

Նշված որոշմամբ Պալատն արձանագրել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են խնդրո առարկա որոշմանը: Իսկ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարան` վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կանոններով:

Երվանդ Խունդկարյանը հորդորեց դատավորներին կիրառել այս նախադեպային որոշումն այն նկատառումով, որ չխախտվի անձի՝ վերադաս ատյանի դատարան դիմելու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել