ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրվել է երեք փաստաթուղթ

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել