Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը: Այս մասին հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Քուվեյթի էմիրն իր հերթին ևս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:
Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր այցը ևս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար:
Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, ողջունելով և կարևորելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ, նշել է, որ այն կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Քուվեյթի էմիրի խոսքով, իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների և ժողովուրդների շահերին, զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Էմիրը նշել է, որ չկա որևէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ վարչապետը և Քուվեյթի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել