Մարտի 10-ին կանանց տոնի կապակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագորով: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը, որի նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց, մասնակցում էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքների կին ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ ՀՀ մարզերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միամսյա տոնի կապակցությամբ` նախարար Երիցյանը հորդորեց նրանց էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքի կառավարման համակարգում: ՏԿԱԻ նախարարը նշեց, որ 915 համայնքներից միայն 18-ն ունեն կին ղեկավարներ, և կա պահանջարկ, որպեսզի այս թիվն աճի: «Ի սրտե շնորհավորում եմ կանանց միամսյակի առիթով` մաղթելով անսահման առողջություն և տոկունություն, որպեսզի կարողանաք հավուր պատշաճի լուծել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ, որ մեր համայնքներում կին ղեկավարների թիվը գնալով մեծանա: Կցանկանայի նաև, որ սկզբնական շրջանում եթե ոչ հիսուն, ապա առնվազն քսան հինգ տոկոս համայնքներում ղեկավարեք դուք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներդ, դրա հետ մեկտեղ պահպանելով ձեր կանացիությունն ու նրբությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեզ շնորհավորել նաև ՀՀ նախագահի ու վարչապետի անունից», – ասաց նախարար Երիցյանը:
Ելույթից հետո նախարար Ա. Երիցյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց «Համալսարանական կրթությամբ կանանց» ՀԿ ներկայացուցիչ Ջեմմա Հասրաթյանին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանին և Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանին:
Նախարարի կողմից ՀՀ վարչապետի պատվոգրեր ստացան Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը և Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը:
Կանանց միամսյակի կապակացությամբ շնորահավորական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Է. Երիցյանը՝ իր խոսքում շեշտելով, որ կառավարման աշխարհը միայն տղամարդկանցը չէ:
ՏԿԱԻ նախարարը Հայաստանի համայնքների միության նախագահի հետ միասին ՏԿԱԻ նախարարության ու Հայաստանի համայնքների միության պատվոգրեր հանձնեց ՀՀ տարբեր մարզերի ՏԻ ոլորտում աշխատող տասը կանանց:
Պարգևատրման արարողությունից հետո նախարար Երիցյանը զրուցեց ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց հետ՝ քննարկելով համայնքային խնդիրները, համայնքների խոշորացման ծրագրի առավելություններն ու հեռանկարները:
Լուսանկարը՝ mes.am-ի: