ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 18։30-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը կրակել է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 17.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնից ստացվել է տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որի զննությամբ պարզվել է, որ նշված ընկերության գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը եղել է սպորտային համազգեստով։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի, կատարված դեպքի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: