Ինչպես գիտենք, տեղեկատվության ազատության մասին 2003 թվականի ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` անձի տեղեկատվություն ստանալու գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Սակայն արդյո՞ք իրավասու մարմինը չի կարող տրամադրել տեղեկատվություն սահմանված 30–օրյա ժամկետի գերազանցմամբ։
Ըստ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի ո՛չ, նույնիսկ օրենքի 14–րդ հոդվածը նախատեսվում է պատասխանատվություն տեղեկատվության ազատության տրամադրման սահմանված կարգի խախտման համար։
Այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածի ուժով` «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:
Այդպիսի միջազգային պայմանագրերից է 1998 թվականի հունիսի 25–ին Դանիայի Օրհուս քաղաքում Միավորված ազգերի կազմակերպության (Եվրոպական տնտեսական հանձնաժողով) նախարարների չորրորդ կոնֆերանսում ընդունված «շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից և ուժի մեջ մտել 2001 թվականի հոկտեմբերի 30–ից։
Կոնվենցայի նպատակն ամրագրված է 1–ին հոդվածում, այն է` «ներկայիս և ապագա սերունդների յուրաքանչյուր մարդու իրավունքի` ապրել շրջակա միջավայրում, որը բարենպաստ է նրա առողջության և բարեկեցության համար, պաշտպանությանը աջակցելու համար, կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է տեղեկության մատչելիության իրավունք, հասարակայնության՝ որոշումների ընդունման գործընթացի մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունք շրջակա միջավայրի հետ կապված հարցերով՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան»։
Կոնվենցիայի «բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը» վերտառությամբ 4–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն` բնապահպանական տեղեկությունը տրամադրվում է առավելագույնս սեղմ ժամանակամիջոցում, սակայն ոչ ուշ, քան խնդրանքի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե համապատասխան տեղեկության ծավալը և բարդությունը չի արդարացնում այդ ժամանակամիջոցի երկարացումը մինչև երկու ամիս՝ խնդրանքի ներկայացման օրվանից։ Խնդրանքը ներկայացնողը տեղեկացվում է այդ ժամանակահատվածի ցանկացած երկարաձգման և այն պատճառների մասին, որոնք արդարացնում են այդպիսի որոշման ընդունումը։
Այսինքն, երբ խոսքը գնում է բնապահպանական տեղեկատվության մասին, ապա Սահմանադրության 6–րդ հոդվածի ուժով և հաշվի առնելով իրավասու մարմնից պահանջվող տեղեկատվության ծավալն և բարդությունը` այն կարող է տրամադրվել ոչ թե մինչև 30–օրյա, այլ մինչև 2 ամիս ժամանակահատվածում։
Ինչ վերաբերում է բնապահպանական տեղեկատվությանը, ապա այն ըստ Կոնվենցիայի 2–րդ հոդվածի` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով ցանկացած տեղեկությունն է հետևյալ այն ազդակների մասին, ինչպիսիք են՝ նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ վարչական միջոցները, շրջակա միջավայրի վերաբերյալ համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ կարող են ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, ինչպիսիք են` օդը և մթնոլորտը, ջուրը, գետինը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ՝ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև, և ծախսերի և օգուտի ու այլ տնտեսական վերլուծությունները ու ենթադրությունները, որոնք օգտագործվում են շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումներ ընդունելու ժամանակ, բնապահպանական տեղեկատվություն է համարվում նաև մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կենսապայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին՝ այն չափով, որ չափով նրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակը կամ, այս բաղադրիչների միջոցով, ազդակները, գործունեությունը կամ միջոցները` վերը հիշատակված:
Հանրային թղթակից՝ Առնոլդ Վարդանյան