Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ: Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի կայքից :
ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքաղաքական իրավիճակին եւ տեղի ունեցած գործընթացներին, սահմանադրական բարեփոխումներին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ընտրական գործընթացներին, հարկային վարչարարությանն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին եւ այլն:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ միջոցառումներ են կազմակերպվելու եւ Հայաստանում, եւ այլ երկրներում: Մասնավորապես՝ առաջիկա ամիսներին մի շարք երկրների խորհրդարաններում՝ Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Կիպրոս եւ Հունաստան, տեղի են ունենալու լուսանկարների ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ 2015 թվականին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու է մնալ մեր երկրի կարեւորագույն հարցերից մեկը: Շարունակվելու է նաեւ պայքարը ժխտողականության դեմ: Ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է արտաքին քաղաքականության գերակայություններին, նշել առաջնահերթությունները: