2014 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.4%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015 թվականի փետրվարի 27-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ. հունվարին» զեկույցի համաձայն, 2014 թվականի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 3.4%-ով` կազմելով 4525.9 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից:

Համախառն ներքին արդյունքի աճին նպաստել են առևտուրը և ծառայությունները, որոնց ավելացված արժեքի աճը կազմել է 5.2%, և գյուղատնտեսությունը, որի ավելացված արժեքի աճը կազմել է 7.8%: Շինարարությունը, նվազելով 3.3%-ով, զսպող ազդեցություն է ունեցել ՀՆԱ աճի վրա:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը (ներառյալ` էներգետիկան), ապա ավելացված արժեքը նվազել է -0.1%-ով: Սակայն հատկանշական է, որ արդյունաբերության հատվածները դրսևորել են տարբեր միտումներ: Մասնավորապես, մշակող արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 7.7%, երբ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում հատվածը նվազել է 15.1%-ով: Նվազում է արձանագրվել նաև հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում հատվածում` -5.8%:

Այս իմաստով կարելի է նկատել, որ եթե արդյունաբերությունից զատենք էներգետիկան, ապա պատկերը միանգամայն այլ կստացվի: Նշված մոտեցմամբ, 2014 թվականի տարեկան նախնական տվյալներով, արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 5.1%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել