Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության սերժանտին պատանդ վերցնելու և նրանից զենք հափշտակալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության սերժանտի զենքը հափշտակելու և պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  

ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Ապարան-Երևան ջրագծի վրա տեղակայված պահակակետ, որտեղ ծառայությունն իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, և պատանդ վերցրել ոստիկանության սերժանտին։ 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Իսպիրյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ապա նախապես իր հետ վերցրած պարանով կապել նրա ձեռքերը և վերցրել որպես պատանդ։ Վերջինիս ազատ արձակելու դիմաց պահանջել է կալանքից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող իր եղբորը, ով մեղադրվում է ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։ 

Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել