Հայտարարվում է դատավորների թեկնածությունների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում

ՀՀ Դատական համակարգը հայտարարում է դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Հիմք ընդունելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.02.2015թ. № 08Լ որոշումը` դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը` յոթ, վարչական մասնագիտացմամբ բաժինը` երկու թեկնածուներով արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին` հայտարարվում է դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ /հասցեն` ք. Երևան, Վ. Սարգսյան 5/ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննության արդյունքներով: Գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում` քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ ՀՀ դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը կհրապարակվեն ՀՀ արդարադատության խորհրդի կողմից` սույն թվականի փետրվարի 20-ին:
Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող կամ ժամկետի խախտմամբ ներկայացված հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել