Երևանի քաղաքապետարանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 69 դեպքի մասով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում 305 վարչական արձանագրություն է կազմվել այն քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափել էին ոչ սահմանված վայրերում: Սակայն, վերլուծելով կազմված արձանագրություններն ու դրանց հիման վրա կատարված գանձումները, տեսնում ենք, որ այս ընթացքում ընդամենը 24 գանձում է կատարվել, ինչն ուղղակի անընդունելի է: Եղե´ք հետևողական և խիստ հսկողություն սահմանեք որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ տուգանումներն ինքնանպատակ չեն, մենք պետք է վերացնենք արատավոր այս երևույթը, ուստի աշխատանքները պետք է լինեն շարունակական այնքան ժամանակ, մինչև չունենանք ցանկալի արդյունք: Կատարված աշխատանքի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: