Նախորդ տարվա սեպտմբերի 11-ին ՀՀ դատախազությունը առուվաճառքի պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ի հետ 7 հատ սեդան թափքով ավտոմեքենա գնելու համար` երեքը Toyota Corolla 1.6 և չորսը` Toyota Corolla 1.33` ամբող ապրանքի համար վճարելով 62 միլիոն 980 հազար դրամ (մոտ 130 հազար դոլար):
Հետաքրքիրն այն է, որ որպես գնման պահանջի ծագման հիմք նշվում է «Պետական գնումների» մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, համաձայն որի` «ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել»:
Գնման պահանջի մյուս հիմքը նշվում է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի 168-Ն որոշմամբ հաստված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետը, որի համաձայն, որը սահմանում է, թե օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, որ դեպքերում կարող են գնումները կատարվել: Այսպիսով, առաջին դեպքը վերաբերում է արտակարգ իրավիճակների, բնական կամ տեխնիկական աղետների և վթարների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Երկորդը վերաբերում է պետական գնումների դեպքում կառավարության կողմից անհետաձգելի և (կամ) հրատապ համարված այլ դեպքերում: Երրորդը` եթե տվյալ գնման առարկան ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման մրցակցային ընթացակարգն առնվազն 2 անգամ հայտարարվել է չկայացած, և չորրորդը` ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում` եթե ծառայությունը պետք է մատուցվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Իսկ ահա մյուս հիմքը ՀՀ կառավարության 2014-ի օգոստոսի 14-ի 902-Ն որոշումն է, որը ՀՀ 2014 թվականի պետբյուջեում վերաբշխում կատարելու, և ՀՀ դատախազությանը գումար հատկացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին է: Այս որոշման երկրորդ մասում նշվում է հետևյալը. «Դատախազության համակարգում «Mulberry» համակարգի շահագործումն ապահովելու նպատակով համակարգչային տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաև դատախազության համակարգի գույքը և տրանսպորտային միջոցները համալրելու նպատակով ՀՀ դատախազությանը ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 76141.0 հազ. դրամ, որից` 47222.0 հազ. դրամն ինն ամսում…»:
Փաստորեն, դատախազության յոթ ավտոմեքենաների գումարի մի մասը վճարվել է պահուստային ֆոնդից, իսկ ահա այն, թե որքանով է այս գնման պահանջն անհետաձգելի եղել, անհասկանալի է, քանի որ վերոնշյալ իրավական նորմերում նշված հիմնավորումները կարծես այս դեպքին չեն վերաբերում:
Աստղիկ Կարապետյան